Բոլոր խնդիրները լուծված են, քննարկում ենք գնալ Ադրբեջան մասնակցելու «Եվրատեսիլին», թե` ոչ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Empiray ռոք խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը`անդրադառնալով «Եվրատեսիլ 2012» մրցույթի մասնակցության շուրջ ծավալված խոսակցություններին:
Նա նշեց, որ չի կարելի ցանկացած բան այնքան էժանացնել, ինչքան «Եվրատեսիլ» մրցույթը: Նրա խոսքով` ամեն տարի մինչև «Եվրատեսիլը» մեզ զբաղեցնում են այն հարցով, թե ո՞վ պետք է ներկայանա այդ մրցույթում, ի՞նչ երգ պետք է ներկայացնի, բամբասում են նրա մասին, վերջին որոշման շուրջ են էլի բամբասում մեկ ամիս: «Մի քանի ամիս էլ հետո են խոսում, թե ինչո՞ւ վատ երգեց, և տարվա կեսը կորցնում ենք այդ մրցույթը քննարկելու վրա: Բոլոր հարցերը լուծված ե՞ն, որ այս մրցույթը այսքան շատ քննարկումների առարկա է դառնում. Ադրբեջան գնա՞լ, թե՞ չգնալ: Ուզում եք գնացեք, չեք ուզում` մի գնացեք»,- մեկնաբանեց սիրված ռոք երաժիշտը`մրցույթի շուրջ ծավալվող բոլոր խոսակցություններն անմիտ համարելով:
Նա շեշտեց, որ իրեն հետաքրքիր չէ ով կմասնակցի այդ մրցույթին, կամ ընդհանրապես կմասնակցի Ադրբեջանում, թե ոչ:
Անդրադառնալով երեկ երգիչ-երգչուհիների տարածած հայտարարությանը` նա ասաց, որ ծանոթ չէ այդ հայտարարությանը: ««Եվրատեսիլ» մրցույթում մասնակցությունը կապել ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակոցի հետ, անբարոյականություն է»,- եզրափակեց Սարգիս Մանուկյանը:
Հիշեցնենք, որ երկու տասնյակից ավելի երգիչ, երգչուհիներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ և ուղարկել Հանրային հեռուստաընկերություն, ըստ որի, չեն մասնակցելու Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին:
Լուսանկարը՝ Bravo.am-ի









































