Աշխարհում ճանաչում ունեցող GFI Software ընկերությունը մուտք է գործում Հայաստան: «Սորսիո» ընկերության աջակցությամբ GFI Software-ը ՀՀ-ում նոր մասնաճյուղ է բացում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սորսիո»-ի ղեկավար Հովհաննես Ավոյանը հայտնեց, որ նորաստեղծ ընկերություն է տեղափոխվել «Սորսիո»-ի մի մասը և հենց ինքն էլ ղեկավարելու է այն: «GFI Software-ը գլոբալ ընկերություն է, տարբեր երկրներում ունեն գրասենյակներ, գլխավորները Անգլիայում և Գերմանիայում են, և այժմ որոշեցին նաև Հայաստանում գրասենյակ ստեղծել»,- ասաց Հ. Ավոյանը:
Թե որքա՞ն ներդրում են նախատեսում անել՝ Հ. Ավոյանը դժվարացավ պատասխանել և նշեց, որ դա կախված է նրանից, թե որքան արագ կկարողանան աշխատուժ գտնել Հայաստանում, և այդքան արագ էլ կկարողանան զարգանալ: GFI Software ընկերությունը մասնագիտացած է անվտանգության ծրագրերի, համակարգերի ղեկավարման, տարբեր տեսակի ցանցային ղեկավարման գործիքների մշակման ուղղությամբ:
«Այսօր հետազոտվում է, թե ինչքան կարող ենք աճել ՀՀ-ում: Ցանկություն կա 100 և ավելի ծրագրավորող աշխատանքի ընդունել, բայց հարց կա`արդյոք կկարողանա՞նք այդքան մասնագետ գտնել: Դա ահավոր ծանր խնդիր է, այսօրվա օրով մասնագետ գրեթե չկա: Բոլորը զբաղված են, պահանջարկը շատ մեծ է»,- ասաց Հ. Ավոյանը:
Նրա խոսքով, կրթությունը այնքան լավ վիճակում չէ, որ բավարարի պահանջարկը, և դրա համար էլ առաջացել է առաջարկի ու պահանջարկի այս ճեղքվածքը: Տարեկան ՀՀ-ում ՏՏ ոլորտի մոտ 1,000 ուսանող է ավարտում, մի մասը բանակ է գնում, մի մասը շատ ցածր որակի գիտելիքներ ունի, և միայն մոտ 100 հոգին է բավարարում գործատուների պահանջարկը, այն դեպքում, երբ շուկայում տարեկան մոտ 2,000 հոգու կարիք կա: Այսինքն, ըստ Հ. Ավոյանի, պահանջարկի միայն 10%-ն է բավարարվում:
Երկրից կա նաև մասնագետների արտահոսք, որը, ընկերության ղեկավարի համաձայն, միշտ է եղել, բայց քանի որ այժմ պահանջարկն է շատացել, տարեցտարի ուսանողների քանակը չի աճում, վիճակը սրվել է. «Ճգնաժամի ժամանակ մի շրջան մասնագետների պահանջարկն իջավ, բայց հիմա մոտ 2 տարի է, որ ավելացել է ու մենք չունենք համապատասխան մասնագետներ աճելու համար: Միայն մեր ընկերությունը մոտ 100 հոգու պահանջարկ կունենա առաջիկա 1 տարվա մեջ»:








































