Ճապոնիան պատրաստ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելուն, ինչը կազդի նավթի համաշխարհային մատակարարման վրա,- ուրբաթ` փետրվարի 24-ին, տեղեկացրել է երկրի արտգործնախարար Կոիտիրո Գեմբան:
«Մենք նավթի բավարար պաշար ենք հավաքել, որպեսզի հաղթահարենք դժվարությունները՝ կապված Հորմուզի նեղուցի փակման հետ»,- ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը:
Գեմբան վստահ է, որ Հորմուզի նեղուցի փակումը նավթի մատակարման հետ կապված խնդիրներ երկար ժամանակով չի առաջացնի, քանի որ արտահանման համար կան նաև այլ ճանապարհներ,- տեղեկացնում է ИТАР-ТАСС:
Իրանը շարունակում է մնալ նավթի գլխավոր մատակարարը Ճապոնիայի համար. իրանական նավթը երկրի նավթի պահանջարկի 8.8 տոկոսն է կազմում: Տոկիոն արդեն բազմիցս ստիպված է եղել կրճատել Իրանից եկող նավթի մատակարարումը միջազգային հանրության ճնշման պատճառով:
Թեհրանը սպառնացել է դեկտեմբերին փակել Հորմուզի նեղուցը, եթե Իրանի անվտանգության խնդիր առաջանա:
Այս նեղուցը միացնում է Պարսից և Օմանի ծովածոցերը` ծառայելով որպես խոշոր տրանսպորտային զարկերակ, որով կատարվում է համաշխարհային մասշտաբով նավթի մատակարարումների մոտ 40 տոկոսը:








































