Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը կարծում է, որ Փարաջանովի անունը բրենդ է դարձել Հայաստանի համար. «Այս տարի լրանում է թանգարանի 20 տարին, որի ընթացքում մենք 60-ից ավելի ցուցահանդեսներ ենք կազմակերպել ամբողջ աշխարհում: Ոչ մի հայ նկարիչ դրա կեսի-կեսի չափ էլ չի ցուցադրվել, պահանջված չէ: Իհարկե, Փարաջանովը բրենդ է Հայաստանի համար. չէ՞ որ նրա ֆիլմերի, ցուցահանդեսների միջոցով շոշափվում է նաև Հայաստանի անունը»:
Փարաջանովի ստեղծագործությունների, կոլաժների և ֆիլմերի հետ ծանոթանալու և Փարաջանովին ճանաչելու համար նրա տուն-թանգարան է այցելում տարեկան 10,000-ից ավելի այցելու:
«Խորհրդային տարիներին Փարաջանովը չհասկացվեց, նրա արվեստը չընկալվեց, որովհետև նրանք զգում էին, որ Փարաջանովի արվեստը պոտենցիալ վտանգ է ներկայացնում, որովհետև նրա ֆիլմերում չկար «դասակարգային»-հասարակական պայքար, որ կար սովետական մյուս ֆիլմերում, և մեղադրում էին նրան, անգամ արգելեցին հակապատերազմական ֆիլմ նկարել, որովհետև նա տեսնում էր, որ պատերազմը բոլորի համար է ողբերգական` թե’ գերմանացիների, թե’ խորհրդային ժողովուրդների, իսկ նրանք դա չէին ընդունում»,- նշում է թանգարանի տնօրենը:
Փարաջանովի ստեղծագործական կյանքը 15 տարով անպտուղ մնաց, նա ոչ մի ֆիլմ չնկարեց և այդ տարիների ընթացքում երկու անգամ բանտարկվեց:
«Փարաջանովը բանտ ընկավ առաջին հերթին իր լեզվի պատճառով. նրա ասածները շատերին հաճելի չէին, բայց փառք Աստծո, նա այդ տարիներին ստեղծեց իր կոլաժները, գծանկարները, գլխարկները, որոնք արվեստի գլուխգործոցներ են»,- նշում է Զ.Սարգսյանը:
Փարաջանովի տուն-թանգարանի աշխատակիցներն ու տնօրենը ամեն ինչ անում են, որպեսզի ոչ միայն աշխարհը ճանաչի մեծանուն ռեժիսորի, արվեստագետի աշխատանքները, այլ նաև Հայաստանը բացահայտի Փարաջանովին և հպարտանա նրանով. «Մենք արժանի ենք Սերգեյ Փարաջանովին, քանի որ նա հայ ժողովրդի զավակն է, հայ ժողովուրդն է նրան ստեղծել: Հասարակ մարդը սիրում է Փարաջանովին, քանի որ նա իր մտքերի, պատկերացումների արտահայտողն է»:








































