Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքն ասել է, որ ընկերությունն աշխատում է սկզբունքորեն նոր տիպի արտադրանքի վրա, որը շուկայում կհայտնվի 2012թ.-ին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Forbes ամսագրին:
«Վստահ եղեք, որ այս տարի մենք առավել քան լարված ենք աշխատում, որպեսզի տարին լինի անհավանական, և մի շարք արտադրանքներ, որոնք կհայտնվեն շուկայում, կփոխեն ձեր գիտակցությունը»,- ասել է Քուքը: Սակայն Քուքը մանրամասներ չի հայտնել, չի նշել նաև նոր արտադրանքի թողարկման ժամկետները:
Այս հայտարարությունը հնչել է Apple ընկերության հիմնադիր Սթիվեն Ջոբսի ծննդյան նախօրեին, որը նշվելու է այսօր: «Այդպիսի մի օր չի եղել, որ ես չզգամ, թե որքան է նա ինձ անհրաժեշտ»,- Ջոբսի մասին ասել է նրան փոխարինած Քուքը:







































