Սիրիայի ապստամբները զենք են ստանում վտարանդիության մեջ ապրող հարուստ հայրենակցից: Ինքը՝ մատակարարը, որը կրում է Աբու Քութեյբա կեղծանունը, այս մասին խոստովանել է բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցում:
Աբու Քութեյբան Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդն է և վերջին 19 տարիներին ապրում է Պարսից ծոցի երկրներից մեկում: Երբ Սիրիայում սկսվել են հակակառավարական ցույցերը, նա սկսել է զենք գնել հարևան արաբական երկրներում և ուղարկել հայրենիք: Լիբանանի, Իրաքի և Հորդանանի դիլլերները հետևողականորեն համագործակցել են Աբու Քութեյբայի հետ, քանի որ տարածաշրջանում անկայունության ֆոնին Կալաշնիկով ինքնաձիգի արժեքը 300 դոլարից հասել է 1500-ի:
Մի քանի շաբաթ առաջ Աբու Քութեյբան մի խումբ համախոհների հետ մեկնել է Լիբիա, որտեղ մեծ թվով զենք է մնացել քաղաքացիական պատերազմից հետո: Արդյունքում սիրիացիները ստացել են գրոհային հրացանների, հրթիռներ, զրահաբաճկոնների և զինամթերքի մեծ խմբաքանակ: Աբու Քութեյբան հրաժարվել է նշել լիբիացի մատակարարի անունը, սակայն ասել է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն այս գործարքի հետ որևէ կապ չունի: «Լիբիայում շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են օգնել մեզ,- հայտարարել է պարբերականի զրուցակիցը:- Նրանք ցանկանում են վրեժ լուծել Ասադից, քանի որ նա աջակցել է Քադաֆիին: Նրանք հասկանում են մեր վիճակը»:
2012թ. հունվարի կեսերին հաղորդվում էր, որ Սիրիայի ապստամբները հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիայի և Կատարի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում նրանք խոստացել են ռազմական օգնություն ցուցաբերել Ասադի վարչակարգի հակառակորդներին:









































