«Մեր քաղաքը», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, բնապահպան ակտիվիստները Մաշտոցի այգում կկազմակերպեն մի շարք հանրային միջոցառումներ:
Առաջին միջոցառումը ակտիվիստները նախատեսում են կեսօրին`ժամը 15.00-ին: Մաշտոցի պուրակն այս ժամին կվերածվի նկարների «Միջնորդված խոսակցություն» ցուցահանդեսի, որի խնդիրն է հասարակության մեջ ներգրավել աուտիզմ ունեցող երեխաներին: «Մասնակից յուրաքանչյուր արվեստագետ վերցրել է աուտիկ բալիկի որևէ նկար, և ընդունելով այն որպես «խոսք», ստեղծագործել՝ կառուցելով զրույց: Արդյունքում, թեկուզ վիրտուալ, բայց կարողացել ենք զրուցել նրանց հետ»,- իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը` հավելելով, որ մյուս մասը տեխնիկական խնդիրների պատճառով անհնար է ցուցադրել:
Ժամը 17.00-ին նախատեսվում քաղաքացիական ամբիոն` «Հանքարդյունաբերությունը և Թեղուտի աղետը» հանրային զրույց բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ։
Ժամը 18.30-ին Մաշտոցի պուրակի պաշտպանները կկազմակերպեն հեղինակային երգերի համերգ:
Ըստ բնապահպան ակտիվիստների` օրվա ընթացքում նախատեսվում են նաև սպորտային միջոցառումներ:
Մաշտոցի պուրակի պաշտպանները կոչ են անում բոլոր քաղաքացիներին առաջարկել իրենց պայծառ գաղափարները` տարածքը ձևավորելու և միջոցառումներ կազմակերպելու հարցում:









































