Երեկ Էստոնիայի ներքին գործերի նախարար Քեն Մարտի Վախերը Էստոնիայի անվտանգության ոստիկանության աշխատակցի ձերբակալումը համարել է Ռուսաստանի կողմից Էստոնիայի ներքին գործերին միջամտելու հերթական փորձ: Ոստիկանության աշխատակիցը մեղադրվում է լրտեսության մեջ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Անվտանգության ոստիկանության աշխատակից Ալեքսեյ Դրեսենը կնոջ հետ ձերբակալվել է երեկ՝ Տալլինի օդանավակայանում: Դրեսենին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրա կինը արդեն գտնվում էր Մոսկվա ուղևորվող օդանավում: Կնոջ մոտ հայտնաբերված էլեկտրոնային կրիչի վրա եղել են գաղտնի տեղեկություններ: Քննչական մարմինները կարծում են, որ Դրեսենի կինը եղել է գաղտնի տեղեկությունները տեղափոխող անձ:
Անվտանգության ոստիկանության ղեկավար Ռայվո Աէգայի խոսքերով` «Դրեսենի գործողությունները ղեկավարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հակահետախուզության բաժինը, որտեղից էլ նա հրահանգավորվել է»:










































