Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանի համար անսպասելի չէր, ավելին՝ կանխատեսելի էր, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Հայաստանում կայանալիք ԱԺ առաջիկա ընտրություններին 2 հազար միջազգային դիտորդ չէր ուղարկելու: Այս մասին Դեմիրճյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Պարզ էր, որ 2 հազար դիտորդ Հայաստան չէին ուղարկելու: Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ այդքան դիտորդ կուղարկվի: Դա իրատեսական չէր: Բայց ամենակարևորն այն է, որ մենք չպետք է հույսներս դնենք դիտորդների վրա: Դիտորդները չեն օգնի, եթե հասարակությունը հանդուրժի ընտրակեղծիքները: Միաժամանակ, ոչ բոլոր խախտումներն են, որ կարող են արձանագրվել դիտորդների կողմից: Ակնհայտ խախտումներն, ինչ խոսք, չեմ կասկածում, որ կարձանագրվեն, սակայն լայն տարածում գտած ընտրակաշառքներն ու վարչական ռեսուրսների օգտագործումը կարող է և տեսանելի չլինեն միջազգային դիտորդների համար»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշել է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ՝ մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար: