Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վրաստան է ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Վոլանդերը: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Վոլանդերը Վրաստանում կգտնվի 2 օր և չի հանդիպի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Վոլանդերի վրացական այցի հիմնական նպատակը պաշտպանական ոլորտում Վրաստանի հետ համագործակցությունն է:
Վոլանդերի վրացական այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 30-ին Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՆ-ի ու Վրաստանի նախագահների հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե առաջիկա օրերին Վրաստան է ժամանելու ամերիկացի մասնագետների խումբը, որը Վրաստանում հետազոտելու է երկրի պաշտպանունակության բարձրացման հարցը: Ամերիկացի մասնագետները Վրաստանում կուսումնասիրեն այդ երկրի սպառազինության կարիքները: Ավելի վաղ վրացական կողմը հայտարարել է, թե Վրաստանը ցանկանում է ԱՄՆ-ից ստանալ հակաօդային և հակատանկային պաշտպանության միջոցներ:











































