Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինն անդրադարձել է երկու երկրների փոխհարաբերություններին՝ կապված դրանց հաստատման 20-ամյակի հետ, և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԱՄՆ-ի կառավարությունը հասկանում է, որ աշխարհում ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի համար անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի հետ համատեղ: Այդպիսի համագործակցությունը հանդիսանում է մեր հարաբերությունների զարգացման հաջող մասնիկը: Ինչ վերաբերում է անվտանգությանը, հակաահաբեկչությանը, երկու երկրների ազգային անվտանգության սպառնալիքների կանխմանը, ապա մենք հաստատել ենք հիանալի համագործակցություն»:
Ղարաբաղի հետ կապված՝ Ռուբինը նշել է. «ԱՄՆ-ը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից մեկը: Դա նշանակում է, որ նա չի կարող աջակցել հակամարտող կողմերից մեկին: Մենք հավատում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ գործուն ձևաչափն է, որն ունակ է առաջ տանել հակամարտության կարգավորման գործընթացը»: