«ՀԺ»-ն գրում է, որ Իջևանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին լուրջ խոչընդոտի է հանդիպել:
«Արդեն որերորդ անգամ հնարավոր չի լինում ավագանու նիստ անցկացնել քաղաքի 2012թ. բյուջեն հաստատելու համար:
Նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի հետևանքով քվորում չի հավաքվում: Նույնը տեղի է ունեցել նաև երեկ: Այսպիսով, քաղաքապետարանն աշխատում է առանց հաստատված բյուջեի»,- ապա թերթը հավելում է.
«Նշենք նաև, որ Տավուշի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում տարօրինակ մի փաստով. հունվարի 26-ի գիշերը քաղաքապետարանի մի աշխատակից մուտք է գործել քաղաքապետարանի շենք և այնտեղ գույքահարկի հետ կապված ինչ-որ տվյալներ փոխել: Վարկած կա, որ դա արել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դրդմամբ: Մեկ այլ վարկածով` գիշերը հենց Ներսիսյանն է նրան բերել քաղաքապետարան` սպիտակ ջիփով»:









































