Երկրապահ կամավորական միության 9-րդ համագումարը գուցե առիթ չտար տարաբնույթ քննարկումների ու եզրակացությունների, եթե ներքաղաքական իրավիճակն այլ լիներ, և եթե Սերժ Սարգսյանի և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ելույթները այդքան «սրտաբաց» հնչերանգներ չպարունակեին:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարին գնացել էր տնավարի ու «Տղերք, բարով տեսանք» դիմելաձևն էլ օգտագործել էր՝ ցույց տալու իր քաղաքական հակառակորդներին, որ իր և ԵԿՄ-ի հարաբերությունները չափազանց ջերմ են, այնքան ջերմ, որ ինքը կարող է դուրս գալ բոլոր արարողակարգերից և ընդունված կաղապարներից: Երկրապահներին նրա այս մտերմիկ դիմելաձևը անպատասխան չմնաց. ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շտապեց հայտարարել, որ այս գարնանն անցկացվելիք համապետական ընտրությունների ժամանակ ԵԿՄ-ն պետք է ակտիվ լինի, և այդ ակտիվությունը արտահայտվելու է Սերժ Սարգսյանին սատարելով. «Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք մարտական ուղի: Մենք հավատում և վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում Ձեր նախաձեռնություններին՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Հավատում ենք, որ ջանք չեք խնայելու բարեկեցիկ երկիր կառուցելու համար»:
Չմոռանանք, որ 2008թ. Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող ժողովուրդը Ազատության հրապարակում վանկարկում էր «Մանվել, Մանվել» ու վստահ էր, որ ԵԿՄ-ն իր կողքին է: Այսօր, ինչպես տեսնում ենք, իրավիճակը տրամագծորեն հակառակն է, և ԵԿՄ-ն փաստորեն ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ պայքարող ժողովրդի կողքին է, այլ հենց Սերժ Սարգսյանի:
Այդուամենայնիվ, Մանվել Գրիգորյանի հայտարարությունը միանշանակ չեն ընդունել ԵԿՄ անդամներից շատերը, որոնք նաև այդ կառույցի հիմնադիր անդամներ են, ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ:
ԵԿՄ անդամ, «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պետք է շատ հանգիստ վերաբերվել նման հայտարարություններին, որովհետև որևէ արտառոց բան չի պատահել: Այդուամենայնիվ, Զաքարյանը հավելեց, որ ԵԿՄ առանցքային անդամներից մի քանիսի կարծիքն ինքն անձամբ գիտի, և հստակ է, որ նրանք, ինչպես և ինքը, ամենևին չեն կիսում Մանվել Գրիգորյանի կարծիքը. «ԵԿՄ նախագահը չի կարող արտահայտել բոլոր երկրապահների տրամադրությունները, հատկապես այն ամենը, ինչ կապված է քաղաքական գործընթացների հետ»:
Զաքարյանը նաև նկատեց, որ ԵԿՄ այն անդամները, ովքեր այլ դիրոքորոշում ունեն, համագումարին չեն մասնակցել, հետևաբար, որոշման վրա որևէ կերպ ազդեցություն չեն կարողացել ունենալ:
«Ես կանգնում եմ իմ ժողովրդի կողքին, օրը կգա՝ բարին էլ հետը»,- ի պատասխան մեր հարցին, թե համաձա՞յն է Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ Գրիգորյանի հայտարարությանը, ասաց Վարդենիսի հատուկ վաշտի հրամանատար Կոլյա Քոչարյանը, որը ներկա է եղել ԵԿՄ 9-րդ համագումարին: Նա հավելեց, որ Մանվել Գրիգորյանն իր սեփական կարծիքն է արտահայտել և չի կարող բոլոր երկրապահների անունից խոսել:
Մեր դիտարկմանը, թե Գրիգորյանը ԵԿՄ-ի անունից է նման հայտարարություն արել, Քոչարյանը պատասխանեց. «Հիմա ի՞նչ անենք, մեր ձեռն ի՞նչ կա, մենք ի՞նչ կարող ենք անել. նախագահ ա՝ հայտարարել է: Ես ոչ մեկի կարծիքն էլ չեմ կիսում, ես իմ գաղափարն ունեմ: Իսկ իմ գաղափարով ես չեմ ասի ում կսատարեմ, բայց ամեն դեպքում, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանին որպես ՀՀԿ նախագահ չեմ սատարի: Որպես մարտական ընկեր եթե հանդես գա՝ միգուցե»:
ԵԿՄ անդամ, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկացած երկրապահ գիտի, որ Սերժ Սարգսյանին սատարելը երկրի շահերից չի բխում՝ ոչ ԼՂՀ, ոչ էլ առհասարակ մեկ այլ հարցում. «Օրինակ՝ ես երկրապահ եմ և բացարձակապես չեմ պատրաստվում աջակցել Սերժ Սարգսյանին, ընդհակառակը, միշտ պայքարել եմ նրա ու նրա նմանների դեմ: Սերժ Սարգսյանին սատարելը Մանվել Գրիգորյանի անհատական կարծիքն է, գուցե անհատական շահն է պատճառը: Բայց ինչ էլ լինի, ես հոգով, էությամբ երկրապահ եմ»:
Նկատենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, որ ԵԿՄ անդամ երկրապահները չեն կիսում Մանվել Գրիգորյանի կարծիքը և չեն պատրաստվում սատարել Սերժ Սարգսյանին:
Ինչևէ, այս ամենով հանդերձ արձանագրվել է մի բան, որ հենց ԵԿՄ կոչված կառույցը Սերժ Սարգսյանի կողքին է, ավելին՝ նման որոշում կայացնելիս անգամ հաշվի չեն առնվել այդ կառույցի առանցքային անդամների կարծիքը, ու սա էլ նշանակում է, որ ԵԿՄ-ի իշխանականացումը հասավ իր վերջնակետին:








































