Վերջին 15 տարվա ընթացքում Երևանը «սպանվեց»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը` խոսելով քաղաքի բնապահպանական խնդիրների և Մաշտոցի պուրակի շուրջ առաջացած բողոքի մեծ ալիքի մասին:
Նա նշեց, որ ուսումնասիրել է Երևանի բոլոր ցուցանիշները և եկել այն եզրակացության, որ վերջին 15 տարվա ընթացքում Երևանը բնապահպանական և մշակութային առումով սպանվեց: Ըստ նրա` Մաշտոցի պուրակում իրականացվող ապօրինի շինարարությունը մի մեծ խնդրի փոքրիկ մասնիկն է:
«Բակերում պատերազմ է գնում: Մենք ի վերջո պետք է հասկանանք, թե որն է հանրային շահը: Նախկինում Հյուսիսային պողոտայում ապրող մարդիկ անօթևան մնացին, իսկ այլ երկրներում գովազդում են այդ տարածքների բնակարանները: Այսօր խնդիր է նաև քաղաքի խտացումը:
Լավ է, որ Աբովյան փողոցում հանվել են կրպակները, իսկ այսօրվա տեղն ընդունելի չէ: Առաջինը՝ դա կանաչ տարածք է, երկրորդը` տարածքի երկու կողմերում հիվանդանոց է, ընդ որում, մեկը`ծննդատուն: Մաշտոցի պուրակում շինարարությունը քաղաքի շահերից չի բխում»,- նկատեց բնապահպանը։
Կ. Դանիելյանը տեղեկացրեց, որ այս հարցով հանդիպել է նաև քաղաքապետին ու հասկանում է և՛ նրան, և՛ երիտասարդներին: Ըստ նրա՝ այս հարցում քաղաքապետը իր շրջապատի մարդկանց հետ խնդիր ունի, որովհետև տեսել է նրա աշխատանքն Ավանում:
Համատեղ ասուլիսի ընթացքում ճարտարապետ Լևոն Իգիթյանը չհամաձայնեց Կարինե Դանիելյանի ներկայացրած փաստարկներին: Նա ասաց, որ Երևանի քաղաքաշինական արժեքը Թամանյանի նախագծած կենտրոնն է միայն, մնացած բոլորը արվեստի տեսակետից արժեք չեն ներկայացնում:
Անդրադառնալով Աբովյան փողոցի պատմությանը, որտեղից հանվեցին կրպակները, ճարտարապետն ասաց. «Անկախությունից հետո մեր կենտրոնական փողոցներն ի՞նչ վիճակում էին` առևտուր էին վարում այդ փողոցներում: Դա սարսափելի էր, եկավ մի գեղեցիկ օր, և դրանք վերացան, առաջացան կրպակներ, պակասելը չե՞ք նկատում: Վաղը դրանք նույնպես չեն լինի: Մաշտոցի պուրակում իրականացվելու է «Հին Երևան» նախագիծը, իսկ կրպակները ժամանակավոր են»: Լ. Իգիթյանի կարծիքով` դրանք երկու տարուց չեն լինի այդտեղ:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Մաշտոցի պուրակում տեղադրվող կրպակների դեմ բնապահպան ակտիվիստները նստացույց են կազմակերպում`պահանջելով դադարեցնել շինարարությունը:







































