Թուրքական Gazete5-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Անկարա է ժամանել Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը:
Անկարայի օդանավակայանում Ցզինպինը հայտարարել է, որ իր թուրքական այցի հիմնական նպատակը երկու երկրների միջև փոխըմբռնման ու բարեկամության խորացումն է: Նա հավելել է, որ չինական կողմը պատրաստ է ակտիվացնել թուրքական կողմի հետ շփումները և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմավարական համագործակցությունը:
Թուրքիայում Ցզինպինը հանդիպումներ է ունենալու Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:
Հիշեցնենք, որ երեկ բրիտանական The Guardian թերթը գրել էր, թե Թուրքիան և Չինաստանը գաղտնի օգնում են Իրանին նրա նկատմամբ սահմանված նավթային ու ֆինանսական պատժամիջոցները շրջանցելու հարցում:
Մասնավորապես, Թուրքիան և Չինաստանը գաղտնի ֆինանսական օգնություն են ցուցաբերում Իրանին՝ նրան թույլ տալով օգտվել իրենց ֆինանսական կառույցներից՝ վերոնշյալ պատժամիջոցները հաղթահարելու հարցում: Իրանի Կենտրոնական բանկն օգտվում է թուրքական և չինական բանկերի ծառայություններից երկրի տնտեսական անկումը կանխելու համար:








































