Եմենում այսօր կկայանան նախագահի վաղաժամ ընտրություններ: Թե՛ ընդդիմությունը և թե՛ իշխանությունները պաշտպանում են միակ թեկնածու, երկրի փոխնախագահ Աբդ Ռաբբու Մանսու Ալ-Հադիին: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ 33-ամյա կառավարումից և մեկ տարի տևած արյունահեղությունից հետո իր պաշտոնը թողեց Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը:
Նախատեսվում է, որ նոր նախագահը կպաշտոնավարի երկու տարի, որի ընթացքում մշակվելու է երկրի նոր քաղաքական համակարգը, այդ թվում` Սահմանադրությունը:
Չնայած ձեռք բերված համաձայնություններին, երկրում շարունակում են մարդիկ զոհվել: Դա տեղի է ունենում հատկապես այն շրջաններում, որտեղ «Ալ-Քաիդա» խմբավորումն առավել ակտիվ է: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երեկ` նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, այդ խմբավորման կողմից սպանվել է 3 զինվորական: Ոստիկաններին հաջողվել է սպանել «Ալ-Քաիդայի» մեկ գրոհայինի:










































