Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան և Չինաստանը գաղտնի օգնում են Իրանին նրա նկատմամբ սահմանված նավթային ու ֆինանսական պատժամիջոցները շրջանցելու հարցում:
Մասնավորապես, Թուրքիան և Չինաստանը գաղտնի ֆինանսական օգնություն են ցուցաբերում Իրանին՝ նրան թույլ տալով օգտվել իրենց ֆինանսական կառույցներից՝ վերոնշյալ պատժամիջոցները հաղթահարելու հարցում: Իրանի Կենտրոնական բանկն օգտվում է թուրքական և չինական բանկերի ծառայություններից երկրի տնտեսական անկումը կանխելու համար:
Նշվում է, որ Իրանն այժմ էլ ցանկանում է այդ պլանում օգտվել նաև Ուկրաինայի ու Բելառուսի միջնորդությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, թե իր համար չափանիշ չեն կարող լինել և իր վրա տարածվել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած նավթային ու ֆինանսական պատժամիջոցները: Թուրքական կողմն ընդգծել էր, որ իր համար չափանիշ կարող են հանդիսանալ միայն ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները:











































