Առավոտյան «Առաջին լրատվական»-ն ահազանգ էր ստացել, որ Ազատության 12 հասցեում եղևնիներ են հատվել: Մեր նկարահանող խումբը արձանագրել է ծառահատումները: Բնակիչները պատմում են, որ գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում, Ազատության 12-ի պուրակում անհայտ անձինք հատել են 10-15 եղևնի:
Բնակիչների հարցադրմանը, թե ինչու են հատում ծառեր, ներքևից արձագանքել են՝ դա ձեր գործը չէ: «Հավանաբար երիտասարդներ են, իսկ թե ինչու են կտրել՝ պարզ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:
Տարածքում հայտնվեցին տղաներ, որոնք փորձում էին համոզել, թե արդեն 15 օր է՝ ծառերը հատվել են, և զարմանում էին՝ ինչո՞ւ են հանկարծ հիմա որոշել ահազանգել: Սակայն ասվածը ակնհայտ սուտ էր, քանի որ ծառերի կոճղերը հուշում էին, որ հենց այս գիշեր են իրականացվել ծառահատումները:
Նրանցից մեկը դժգոհեց՝ ասելով, թե դեմ է, երբ զանգում են, եղածը մի մեծ բան չէ, ընդամենը մի քանի ծառ: Բնակիչները մեզ տեղեկացրին, որ հենց թաղապետարանի աշխատակիցներն են այդ տղաները, որոնք պաշտպանում էին կատարվածը: Սակայն նրանք մեր հարցադրմանը՝ թաղապետարանի՞ց են, արդյոք, չպատասխանեցին:







































