Եգիպտոսի իշխանությունները այս տարվա մարտին Արժույթի միջազգային հիմնադրամից ակնկալում են ստանալ 3,2 մլրդ դոլարի վարկ: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Մումթազ Ալ-Սաիդը: Նրա խոսքերով` պաշտոնական Կահիրեն հույս ունի, որ նշված գումարը կստացվի երեք փոխանցումներով` առաջիկա վեց ամիսների ընթացքում:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Եգիպտոսը վարկի նոր հայտ էր ներկայացրել այս տարվա հունվարին. նախկին հայտը մերժվել էր անցած տարվա վերջին: Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները կարծում են, որ հետհեղափոխական Եգիպտոսի տնտեսությունը գտնվում է վատ վիճակում, և վարկի տրամադրման հարցը երկար քննարկման առարկա է: Մոտ 1 մլրդ դոլարի վարկ ստանալու խնդրանքով Եգիպտոսը դիմել է նաև Համաշխարհային բանկին:











































