Ալժիրի անվտանգության ուժերը զինամթերքի մեծ պահեստ են գտել: Հավանաբար զինամթերքը մաքսանենգ ճանապարհով բերվել է հարևան Լիբիայից:
Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Ալժիրի անվտանգության ուժերի աշխատակիցը, ով չի ցանկացել հայտնել իր անունը:
Զենքի պահեստը գտնվել է անապատում` Ին Ամենասից 60 կմ հեռավորության վրա` Լիբիայի հետ սահմանից ոչ հեռու:
Իրավապահ մարմնի աշխատակցի խոսքերով` զինամթերքը գտել են, երբ որոշ մաքսանենգներ դրա մասին հայտնել են հարցաքննության ժամանակ:
Լիբիայի նոր կառավարությունը նախազգուշացրել էր, որ երկրում տիրող անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ նախկին վարչակարգի զինանոցներից զենք ընկնի Ալ-Քաիդայի գրոհայինների ձեռքը:
Ալ-Քաիդայի ճյուղերից մեկը գործում է Սահարայի անապատում:









































