Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավարտվեց Վիտալի Կլիչկո – Դերեք Չիսորա մենամարտը:
Չիսորան չհասավ իր նպատակին, քանի որ մենամարտից առաջ կատարված սադրիչ գործողությունները չտվեցին սպասված արդյունքը. 40-ամյա փորձառու ուկրաինացու նյարդերը տեղի չտվեցին նաև մենամարտի ժամանակ:
1-4-րդ ռաունդներում Կլիչկոն ուներ առավելություն. հեռու և միջին տարածություններից կատարած ուժգին հարվածները հասնում էին նպատակակետին: Չիսորան իր մրցակցին գերազանցում էր շարժունակությամբ, սակայն գրոհի եզրափակիչ հատվածում աչքի էր ընկնում պասիվությամբ: Մենամարտի միջնամասում բրիտանացին կտրուկ ակտիվացավ և մոտ տարածությունից մի քանի հուժկու հարված հասցրեց: Հանդիպման եզրափակիչ հատվածում ուկրաինացին կրկին առավելություն ուներ: Կլիչկոն արդյունավետ էր օգտագործում իր և Չիսորայի միջև առկա հասակների ակնհայտ տարբերությունը և կարողացավ հեռու և միջին տարածություններից կատարված դիպուկ հարվածների շնորհիվ ավելացնել միավորների իր պաշարը:
Այսպիսով` 12 ռաունդ տևած մենամարտի արդյունքում մրցավարների միաձայն որոշմամբ (119:111, 118:110, 118:110) Վլադիմիր Կլիչկոն տարավ իր 44-րդ հաղթանակը` պաշտպանելով գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: