The Telegraph-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 2012թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է թիմից հեռացնել 6 ֆուտբոլիստների:
Ֆրանսիացի մասնագետը դժգոհ է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղի արդյունքից («Արսենալ»-ը «Միլան»-ին պարտվեց 4:0 հաշվով): Պարբերականի տեղեկացմամբ «Միլան»-ի հետ խաղից հետո մարզիչը խաղացողների հետ լուրջ զրույց է ունեցել և հայտնել, որ վերջիններիս խաղամակարդակը չի բավարարում իր պահանջները:
«Զինագործներ»-ի շարքերը կլքեն Մարուան Շամախը, Սեբաստիան Սկիլաչին, Նիկլաս Բենդտները, Կառլոս Վելան, Մանուել Ալմունիան և Դենիլսոնը: Թիմն, ամենայն հավանականությամբ, կլքեն նաև Անդրեյ Արշավինն ու Տոմաշ Ռոսիցկին, որոնց պայմանագրերի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է 2012 թվականի ամռանը:








































