ՍԴՀԿ ատենապետի պաշտոնի վիճարկումները իշխանության հերթական սադրանքն է ընդդիմության դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը`խոսելով ՍԴՀԿ ատենապետի պաշտոնի վիճարկումների շուրջ:
Նա նշեց, որ ընտրություններից առաջ իշխանությունները գնում են հերթական սադրանքին: «ՍԴՀԿ ատենապետի պաշտոնը վիճարկվել չի կարող, որովհետև մենք գրանցում ունենք պետռեգիստրում և համարակալված փաստաթուղթ: Ռեգիստրում գրանցումը կուսակցությունների անձնագիրն է: Ինչպես քաղաքացին ունի անձնագիր, այնպես էլ կուսակցությունները: Մենք անձնագիր ունենք պետռեգիստրում, բայց փորձել են կեղծ գրանցում կատարել, որ հետագայում ընտրությունների ժամանակ, եթե պետք լինի, Ս. Սարգսյանն օգտագործի դրանք»,- մեկնաբանեց Գ. Եղիազարյանը`տեղեկացնելով, որ դիմել են Արդարադատության նախարարություն, որտեղից մեկ ամսվա ընթացքում պետք է պատասխանեն:
Հիշեցնենք, որ կուսակցության ատենապետ ճանաչված Լյուդմիլա Սարգսյանից Գևորգ Պերկուպերկյանը պահանջում է վերադարձնել կուսակցության փաստաթղթերը, դրոշը, կնիքն ու արխիվը` պնդելով, թե ինքն է ընտրված նոր ատենապետը:










































