Այսօր վաղ առավոտից Մաշտոցի պողոտային կից այգում էին հավաքվել պուրակի պահպանման համար մտահոգ քաղաքացիները, ակտիվիստները, իսկ շուրջ երկու տասնյակ ոստիկաններ հսկում էին, որ նրանք շինարարական տարածք չմտնեն: Մինչ ակտիվիստները պահանջում էին դադարեցնել շինարարությունը, հերթական շինարարական մեքենան հայտնվեց, և ոստիկանները փորձում էին ակտիվիստներին համոզել չխանգարել շինարարական աշխատանքներին:
«Յուրաքանչյուրը իշխանության որոշման դեմ իրավունք ունի արտահայտելու, խնդիրը նրանում չէ՝ Տարոն Մարգարյանը գալո՞ւ է հանդիպելու մարդկանց հետ, թե՞ ոչ: Վաղ թե ուշ իշխանությունները պետք է հասկանան, որ այս ընդվզումը կարող է վտանգ ստեղծել, երբ տեղի կունենա՝ դժվար է ասել, բայց մինչև այդ օրը՝ անհրաժեշտ է գալ այստեղ, պայքարել, ցուցաբերել հասարակական անհանդուրժողականություն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Նրան խնդրեցինք մեկնաբանել որոշ մտավորականների՝ մասնավորապես Արա Երնջակյանի երեկվա արտահայտությունները: «Իրենց տեսակետից ազնիվ է այդ դիրքը, որովհետև եթե այդ մարդիկ իշխանությունից ստանում են ինչ-որ բարիքներ, ապա և հավատարիմ պիտի լինեն իշխանությանը: Այդ իմաստով տրամաբանական է, որ նման մտավորականները քաղաքային իշխանությունների կողքին են կանգնած ու համարում են, որ այս այգին վերացնելն ու առևտրի կենտրոն դարձնելը ճիշտ որոշում է: Եթե հիշենք, թե ինչպես էին ձայնագրվում Սերժ Սարգսյանի գովազդային հոլովակները, ու նկարահանվող մտավորականներն իրականում ինչ էին ասում և արդյունքում ինչ պիտի տեսներ քաղաքացին… Այդ՝ երկու կյանքով ապրելը՝ ներքին խոհանցում մի բան ասելը, իսկ հրապարակային մյուս բան ասելը, մեր մտավորականության որոշ հատվածի հատկությունն է: Նրանք ֆինանսական, նյութական կախման մեջ են իշխանություններից և լավության դիմաց պետք է համապատասխանաբար ազնիվ ծառայեն»,- պատասխանեց Ա. Ղուկասյանը:










































