«Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին Երևանի մի քանի դպրոցներում սուրճի պատրաստման սարքավորումներ տեղագրելու մասին: Տարակուսանքի ձայներ հնչեցին, թե դպրոցներում այդպիսի սարքավորումների տեղադրումը առնվազն անհասկանալի է, եթե չասվի վտանգավոր»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Ինչպես էին այս նորահայտ «գործարարները» դպրոցների տնօրեններից ստացել կրթական հաստատություններում իրենց բիզնեսը ծավալելու արտոնություն, այդպես էլ անհայտ մնաց: Միայն կարող ենք ենթադրել, որ իրենց այս քայլը տնօրենները կբացատրեին դպրոցի աղքատիկ բյուջեին այդ անձանց կողմից վճարվելիք մի փոքր վարձավճարով իրենց հոգսերը թեթևացնելու մտահոգությամբ:
Անշուշտ, փողային իմաստով երևի թե դա ձեռնտու «բիզնես» էր: Եվ շահի առկայության դեպքում որոշում կայացնողների համար երկրորդական դարձավ հարցը, արդյոք սուրճի վաճառքը անչափահաս դպրոցականին թույլատրելի՞ էր, թե ոչ:
Որքան էլ զարմանալի է, օրեր առաջ սուրճի պատրաստման նման սարքավորումներ տեսանք նաև Երևանի մետրոպոլիտենում: Երևանցիները վաղուց ծանոթ էին այս հաստատության այն կանոններին, մասնավորապես այն կետին, որն արգելում է մետրոպոլիտեն մտնել այնպիսի իրերով կամ ուղեբեռով, որը կկեղտոտի մետրոպոլիտենի տարածքը, վագոնների կայքը և այլ ուղևորների: Կարծես թե արգելքը միանշանակ պետք է վերաբերի նաև շարժվող վագոնում բաց պլաստիկե բաժակով սուրճին և թեյին: Սակայն այս դեպքում ևս, կարծես, մետրոյի և ուղևորների հագուստի մաքրության խնդիրները չեն մտահոգում փողային փոխշահավետ հարաբերության մեջ մտած տնտեսվարողներին:
Այս նույն տրամաբանության մեջ են անցումներում հակահիգիենիկ պայմաններում սննդի պատրաստման կրպակները, բնակելի շենքերի հարևանությամբ գործող սաունաներն ու սթրիփ-ակումբները, այգիները գրաված սրճարաններն ու կրպակները:
Իշխանությունն ու պաշտոնյաները, իբր պետական, իսկ իրականում՝ սեփական բյուջեն լցնելու մտահոգությամբ, վաճառում են մեր հասարակությանը պատկանող ամեն «օբյեկտ»` հնարավորություն տալով իրենց մտերիմներին «փող աշխատել»: Եվ դա արվում է ցինիկաբար` արհամարհելով հենց այդ հասարակությանը»:











































