British Airways ավիաընկերության ուղեկցորդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph-ը, 22 ամյա ուղեկցորդ Մեթյու Դևիսը ձերբակալվել է կիրակի՝ փետրվարի 12-ին, Հիթրոուի օդանավակայանում: Դևիսը սպասարկում էր Տոկիո-Լոնդոն չվերթը: Թռիչքի ժամանակ երիտասարդը երկտող է գրել՝ սպառնալով պայթեցնել օդանավը: Երկտողում ասվում էր. «Օդանավում տեղադրված ռումբը կպայթի Գրինվիչի ժամանակով ժամը 16:00-ին, եթե մեր պահանջները չկատարվեն»: Երկտողը դրվել է զուգարանի դռան մոտ:
Boeing 777-ում այդ ժամանակ եղել է 150 ուղևոր: Այդուհանդերձ, արտահերթ վայրէջք չի կատարվել: Նշանակված օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Դևիսին տարել են օդանավակայանի ոստիկանական բաժանմունք և վերցրել նրա մատնահետքերն ու ԴՆԹ-ի նմուշը:
Օդանավում որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Թե ինչն է ստիպել երիտասարդին նման սպառնալիքներ հնչեցնել՝ հայտնի չէ:






































