Ինչպես հաղորդում է «Ռադիո Վատիկանը», Թուրքիայի եպիսկոպոսական համագումարը դիմել է կառավարությանը կաթոլիկ եկեղեցուց բռնագրավված անշարժ գույքի վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել Թուրքիայի տարբեր կրոնական կազմակերպությունների առաջնորդների ներկայացուցիչների ու առաջնորդների հանդիպումը, որը կազմակերպվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ու Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի կողմից: Հանդիպումը նվիրված է եղել աղոթավայր հանդիսացող շենքերին:
Թուրքիայի եպիսկոպոսների համաժողվի մամլո քարտուղար Ռինալդե Մարմարան ներկայացրել է Կաթոլիկ եկեղեցու պատմությունը Թուրքիայում` սկսած բյուզանդական դարաշրջանի օրերից մինչ մեր օրերը:
Թուրքիայի եպիսկոպոսների հանդիպման արդյունքում հրապարակվել է կոմյունիկե, որտեղ հիշեցում կա այն մասին, որ մինչև օրս կաթոլիկ եկեղեցին չունի իրավաբանական անձի կարգավիճակ ու հենց այդ պատճառով է զրկվել իր անշարժ գույքից, իսկ 20-րդ դարի սկզբին հաստատված իրավաբանական տարաձայնությունները մինչ օրս որևէ արդյունքի չեն հանգեցրել:
Եպիսկոպոսները հայտարարել են, որ չեն վստահում Թուրքիայի կառավարության մտադրությանը` 2011թ. օգոստոսին կատարված օրենքի փոփոխությունների համաձայն եկեղեցուն վերադարձնել իր անշարժ գույքը:









































