Ամերիկուհի Ամանդա Նոքսը, որը մեղադրվում էր բրիտանացի ուսանողուհի Մերեդիթ Քերչերի դաժան սպանության մեջ, պայմանագիր է կնքել HarperCollins հրատարակչության հետ իր հուշերը հրատարակելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, գործարքի արժեքը կողմերը չեն նշում, սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ Նոքսը գրքի համար կստանա 4 մլն դոլար: Հրատարակչությունը հայտնել է, որ Նոքսն իր հուշերում պատրաստվում է «լիարժեք հաշվետվություն տալ» իր դատավարության և կալանքի տակ պահվելու մասին: Ենթադրվում է, որ գիրքը վաճառքի կհանվի 2013 թ. սկզբին:
Նոքսի շահերը հրատարակչության հետ գործարքում ներկայացրել է հայտնի փաստաբան Ռոբերտ Բարնեթը, որն ավելի վաղ զբաղվում էր Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի հուշերի հրատարակման գործերով: Հուշերը լույս ընծայելու իրավունքը որոշվել է աճուրդում, որին մասնակցում էին 7 հրատարակչություններ:
Ամանդա Նոքսը մեղադրվում էր իր հարևանուհի Մերեդիթ Քերչերի սպանության մեջ: Սպանությունն իրականցվել է 2007 թ. Իտալիայի Պերուջա քաղաքում, որտեղ նրանք սովորում էին: Բրիտանուհու սպանության մեջ մեղադրվում էին նաև Նոքսի ընկերը՝ իտալացի Ռաֆայել Սոլեչիտոն և իվուարացի Ռուդի Գեդեն: 2009 թ. նրանք մեղավոր ճանաչվեցին: Նոքսը դատապարտվեց 26, Սոլեչիտոն՝ 25, իսկ Գեդեն՝ 30 տարվա ազատազրկման:
Սակայն Նոքսը և Սոլեչիտոն բողոքարկեցին վճիռը և 2011 թ. հոկտեմբերին դատարանը նրանց արդարացրեց ու ազատ արձակեց:










































