Այսօր Լիբիայում նշվում է երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի դեմ ապստամբություն բարձրացնելու տարելիցը: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Լիբիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բենղազիում, մի խումբ ընդդիմադիրներ, այսպես կոչված, «ցասման օր» կազմակերպեցին: Դրանից հետո սկսվեցին ընդդիմության և կառավարական ուժերի բախումները:
Մարտական գործողությունները տևեցին ավելի քան կես տարի և ավարտվեցին Մուամար Քադաֆիի սպանությամբ ու ընդդիմադիր Ազգային անցումային խորհրդի հաղթանակով:
Այնուամենայնիվ, Լիբիայում մինչ այժմ կրքերը չեն հանդարտվում: Մշտապես բախումներ են տեղի ունենում նախկին ապստամբների և Քադաֆիի կողմնակիցների միջև: Բացի այդ, գնալով աճում է դժգոհությունը երկրի նոր իշխանություններից, որոնք մեղադրվում են ոչ հմուտ ղեկավարման և կոռուպցիայի մեջ:







































