«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը «Ռայնովիլ» ընկերության կողմից պարտքը չմարելու արդյունքում Միջպետական բանկին փոխանցվելը սովորական բանկային գործընթացի արդյունք է՝ պարտքը չի փակվել, և պարտքի դիմաց բանկը վերցնում է ունեցվածքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը տեսակետ հայտնեց, որ այժմ բանկը կարող է ամեն ինչ անել գործարանի հետ, ընդհուպ մինչև մաս-մաս վաճառել, նաև՝ որպես մետաղ և այլն:
«Դա արդեն բանկի սեփականությունն է, քանի որ ինքը պետք է վարկի գումարը ետ բերի: Դա լինելու է բանկի համապատասխան մարմնի, որպես կանոն՝ տնօրենների խորհրդի որոշումը»,- ասաց Հ. Մեսրոբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը Միջպետական բանկում մասնաբաժին ունի, բայց այն որոշիչ փաթեթ չէ, և հետո «Նաիրիտ»-ը ռազմավարական օբյեկտ է, և իշխանությունների դիրքորոշումը դրա նկատմամբ պետք է ռազմավարական լիներ. «Չի կարելի թույլ տալ, որ 2 տարի գործարանը կանգնեցվի: «Նաիրիտ»–ի 1 ամիս չաշխատելը շուրջ 1 մլն դոլար կամ ավելի արժի: Այսքան ժամանակ չի աշխատել, և ջրի, էլեկտրաէներգիայի, աշխատավարձի գծով պարտքերը շարունակվում են կուտակվել: Հնարավոր չի «Նաիրիտ»–ը պարզապես կոնսերվացնել: Այնտեղ քիմիական պրոցես կա, որ որոշակի զրոյական վիճակում պետք է պահվի: «Նաիրիտ»–ը միայն աշխատելու ժամանակ կարող է խնդիր լուծել, հակառակ դեպքում՝ խնդիր է հարուցում»,- ասաց Հ. Մեսրոբյանը:
Ըստ Հ. Մեսրոբյանի՝ կախարդական շրջան է. «Նաիրիտ»–ն աշխատեցնելու համար պետք է մեկնարկային գումար: «Նաիրիտն այսօր ինքն է պարտք, էլ մեկնարկային գումարը որտեղի՞ց»,- հարցադրում արեց փորձագետը: Դիտարկմանը, որ Եվրազեսի հիմնադրամը պետք է հատկացներ 400 մլն դոլար, Հ. Մեսրոբյանը պատասխանեց. «Պետք է… Իմ անձնական կարծիքն է՝ ես հավատարմության, սիրո ու փողի խոստումները բանավոր չեմ հասկանում. աչքս տեսնի, ձեռքս շոշափի»:
«Նաիրիտ»–ի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև աշխատատեղերի կրճատում: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մեզ հայտնեց, որ 3000 աշխատակիցներից մինչև 400 աշխատակից կկրճատվի, ինչն, ըստ նրա, «մեծ թիվ չէ»:
Հ. Մեսրոբյանի կարծիքով՝ 2005-ին «Նաիրիտ»–ում մոտ 2100 աշխատակից կար և, ենթադրաբար, այս ընթացքում միայն ադմինիստրատիվ աշխատողների թիվն է ավելացել. «Նման ձևով չեն կարող շարունակել: Պետք է կրճատել միայն ադմինիստրատիվից, և չի կարելի կրճատել տեխնոլոգիայի վրա նստած բանվորներին ու ինժեներներին: «Նաիրիտ»–ը եզակի գործարան է և մտնում է իր պրոֆիլի վեցյակի մեջ»:









































