Ինչպես տեղեկացնում է Lenta.Ru-ն, Ուիթնի Հյուսթոնի երեք` նախկինում հիթ շքերթների 1-ին հորիզոնականներում հայտնված երգերը վերադարձել են Billboard-ի չարթ:
Ըստ շաբաթվա արդյունքների՝ I Will Always Love You ստեղծագործությունը հիթ շքերթում զբաղեցրել է 7-րդ տեղը, I Wanna Dance With Somebody (Who Loves Me) երգը հայտնվել է 35-րդ հորիզոնականում, Greatest Love of All-ը` 41-րդ: Երգչուհու ստեղծագործությունների հանդեպ այս հետաքրքրության ալիքը պայմանավորված է նրա անսպասելի մահվամբ:
Չարթի առաջին հորիզոնականում է Քելլի Քլարքսոնն իր Stronger (What Doesn’t Kill You) երգով: 2-րդ հորիզոնականում է հայտնվել Ադելը` Set Fire to the Rain երգով, իսկ երրորդ տեղում է fun խմբի We Are Young ստեղծագործությունը: «Թոփ-10»-ի մեջ է հայտնվել նաև Մադոննայի Give Me All Your Luvin նոր սինգլը:
Ալբոմային «Թոփ-100»-ի 1-ին հորիզոնականում է բրիտանացի երգչուհի Ադելի «21» ձայնասկավառակը, որը փետրվարի 12-ին կայացած «Գրեմմի» 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ալբոմ» մրցանակին:
Երկրորդ տեղը զբաղեցնում է Վան Հալենի նոր` A Different Kind of Truth ձայնասկավառակը, 3-րդ տեղում է Now 41 հավաքածուն, Փոլ Մաքարտնիի նոր Kisses on the Bottom ալբոմը` 5-րդ, որին հաջորդում է Ուիթնի Հյուսթոնի լավագույն երգերի հավաքածուն` Whitney: The Greatest Hits:









































