«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները այս պահին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ «անառիկ» են պահում Մաշտոցի պուրակը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, առավոտյան անհայտ անձինք փորձել են թույլ չտալ իրենց նստացույցը և ստեղծել են համապատասխան պայմաններ նստացույցը թույլ չտալու համար:
Քիչ անց նրանց մոտեցան ոստիկանության ներկայացուցիչները՝ փորձելով թույլ չտալ իրենց գլխին ծածկ ունենալ: «Այնինչ մեր ակցիայի, մեր նստացույցի մասին պաշտոնապես հայտարարել էինք, և համապատասխան մարմինները պետք է աջակցեն և պայմաններ ստեղծեն մեզ համար»,- նշեց Մարիամ Սուխուդյանը:
Այս պահին ակտիվիստները, պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը քննարկում են երկու օր առաջ քաղաքապետի հետ տեղի ունեցած հանդիպումը, որը նրանց սպասումները չի արդարացրել: Քննարկվում են Մաշտոցի պուրակը էլիտար կրպակներից ազատելու և կանաչ տարածքը վերականգնելու նոր ծրագրեր: Ակտիվիստները բոլորին կոչ են անում միանալ և թույլ չտալ վերացնել Հին Երևանի կոլորիտը կազմող Մաշտոցի պուրակը:











































