Կառավարությունը նախատեսում է վերականգնել Գառնիի ստորգետնյա սեյսմիկ կայանը: Կայանի անհրաժեշտության մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, ներկայում անհրաժեշտություն է այս կայանի վերագործարկումը, ինչը տարածաշրջանում միակն է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունեց բնակչության շրջանում տարվող աշխատանքները՝ կապված սեյսմիկ ռիսկերի դեպքում վարքագծի կանոնների ուսուցանման հետ, և հետաքրքրվեց, թե սեյսմիկ անվտանգության առումով ի՞նչ վիճակում է քաղաքաշինության բնագավառը:
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը զեկուցեց, որ հաշվի առնելով գիտության և տեխնիկայի նվաճումները՝ վերամշակվել, լրամշակվել և վերանայվել են շինարարության նորմերը: Մտցվել են երկու տասնյակ լուրջ փոփոխություններ, և հատկապես Երևանում, հաշվի առնելով հողային սուղ պայմանները, վերանայվել են հարկերի խնդիրը: Ըստ նախարարի` մշակվել են ռետինամետաղական հենարանների կիրառմամբ շենքերի նախագծեր, ինչպես նաև մի շարք այլ իրավական ու նորմատիվային որոշումներ են ընդունվել:
Տ. Սարգսյանը մի քանի մասի բաժանեց խնդիրը` պետք է վստահ լինենք, որ նոր կառուցվող շենքերը սեյսմակայուն են, պետք է ապահովել արդեն առկա շենքերի սեյսմակայունության բարձրացումը, նաև մասնավոր շենքերը պետք է ամրացվեն. «Մասնավորի համաձայնությունը` ներդրումներ կատարելու, կարծես թե կա»:
Տ. Սարգսյանի խոսքով` շենքերի սեյսմիկ անվտանգությունը բարձրացնելու համար պետք է ստանան բարձրահարկ շենքերի բնակիչների համաձայնությունը: Վարչապետը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկը առաջարկում է 1 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրել դպրոցների և հասարակական կառույցների սեյսմակայունությունը ապահովելու համար:









































