Հետևելով օդաչուների, տիեզերագնացների և աղբահավաքների օրինակին՝ Եվրոպայի բժիշկները այժմ աշխատանքային նպատակներով առավել շատ են օգտվում iPad-ի ծառայություններից:
Ինչպես հաղորդում է Digital Trends-ը, Մանհեթեն հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ Եվրոպայում աշխատող բժիշկների 26 տոկոսը արդեն ունի Apple-ի մեծ ժողովրդականություն վայելող պլանշետը: Իսկ նրանք, ովքեր դեռևս այն չունեն, հայտնել են, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում պատրաստվում են ձեռք բերել:
Հարցումների արդյունքում պարզվել է, որ համացանցից օգտվելու համար բժիշկների 27 տոկոսն օգտագործում է iPad: Համակարգիչները դեռևս շարունակում են մեծ տարածում ունենալ բժիշկների շրջանում. համակարգչից օգտվում է բժիշկների 55 տոկոսը: Նրանց միայն 18 տոկոսն է օգտագործում սմարթֆոններ` համացանց մուտք գործելու համար:
Անցած տարվա վերջին իրականացված հետազոտության ընթացքում հարցումներ են անցկացվել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի 1207 բժիշկների շրջանում: Պլանշետն ամենից շատ օգտագործում են բրիտանացի բժիշկները:











































