Իսրայելի պաշտոնյաներն այսօր շարունակել են մեղադրել Իրանին ահաբեկչական գործողությունների մեջ` ասելով, որ Թաիլանդում հայտնաբերված պայթուցիկները, որոնք գտնվել էին իրանցիների վարձած տանը, նման էին այն սարքերին, որոնք օգտագործվել էին Հնդկաստանում և Վրաստանում Իսրայելի դիվանագետների դեմ կազմակերպած հարձակումների ժամանակ:
Associated Press-ը հաղորդում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է ներկայացրել մեղադրանքները, մինչդեռ Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ մեղադրանքներն անհիմն են և Իսրայելը միայն փորձում է վնասել Իրանի և Թաիլանդի հարաբերություններին:
Թաիլանդի կառավարությունը փորձում է բացահայտել, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել պայթյունը: Ռումբերի վնասազերծմամբ զբաղվող խմբերը ևս մեկ անգամ հետազոտել են իրանցիների տունը` նոր հետքեր գտնելու նպատակով, մինչդեռ անվտանգության ուժերը փորձում են գտնել այն իրանցի կնոջը, ով վարձել էր բնակարանը:








































