Նորվեգացի քննիչները խնդում են Facebook սոցիալական ցանցի սեփականատերերին մուտք ապահովել ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից բացված էջ, որը արգելափակված է, նրա մասին տեղեկություն հավաքելու համար: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Բրեյվիկի գործը վարող դատախազ Պոլ-Ֆրեդրիկ Խյորտ Կրաբիի խոսքերով՝ «սոցիալական ցանցը ստեղծողները հազվադեպ են նման տեղեկություն տալիս, սակայն ոստիկանությունը նրանց կողմից արձագանք է ստացել առ այն, որ նրանք ուզում են օգնել հետաքննությանը»: «Տվյալ գործում գլխավոր նպատակը մարդասպանի շփումների ձեքբերումն է, թե ում հետ է շփվել, ով է եղել նրա ընկերը»,- հավելել է նա:
Դատախազը նաև հայտնել է, որ Նորվեգիայի ոստիկանությունը դիմել է ֆրանսիացի գործընկերներին՝ խնդրելով կապ հաստատել Բրեյվիկի հոր հետ, ով գտնվում է Ֆրանսիայում: «Նա չի ցանկանում վերադառնալ հայրենիք, չի գալիս նորվեգական դեսպանատուն կամ հյուպատոսարան, որպեսզի կարողանայինք հարցաքննել նրան»,- նշել է նա: Չնայած հայրը մեղադրյալին չի տեսել ավելի քան 30 տարի, միևնույն է, Անդերս Բրեյվիկի անձը հասկանալու համար նա հետաքրքրություն է ներկայացնում, ավելացրել է Կրաբին:
Անցած շաբաթ Օսլոյի դատարանը որոշել էր անցկացնել Բրեյվիկի պարտադիր դատաբժշկական փորձաքննություն: Այդ գործընթացը, որը կարող է տևել մինչև 4 շաբաթ, կանցկացվի մարտ ամսին` բանտում: Նոր փորձաքննության արդյունքները պետք է պատրաստ լինեն ապրիլի 10-ին: Բրեյվիկի գործով դատավարությունը կսկսվի ապրիլի 16-ին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտեյա կղզում Անդերս Բրեյվիկի կողմից իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է 77, տուժել ավելի քան 150 մարդ:









































