Հայտնի շոումեն Ռահման Մահմուդովը (Ռահման Նեյմարկ-Կոեն) երեքշաբթի գիշերը սպանված է հայտնաբերվել մայրաքաղաքի հյուսիսում գտնվող իր բնակարանում,- տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Նա Մոսկվայում կազմակերպում էր երեկույթներ և տարբեր շոուներ, բացի այդ, զբաղվում էր տարբեր բիզնես նախագծերով: Նա նաև աշխատում էր որպես Leps Bar-ի գեղարվեստական տնօրեն:
«Ոստիկանություն է դիմել 28-ամյա շոումենի ծանոթներից մեկը. նա ինչ-որ վատ բան է կասկածել, երբ վեջինս երկու օր շարունակ չի պատասխանել ընկերների և հարազատների հեռախոսազանգերին: Մոտենալով բնակարանին` աղջիկը նկատել է, որ դուռը փակ չէ, և կանչել է ոստիկանության աշխատակիցներին»,- պատմել է RIA-Novosti-ի զրուցակիցը:
Ըստ նրա՝ Մահմուդովի մարմինը գտել են լոգարանում: Մահացածի ընկերուհին ոստիկաններին ասել է, որ բնակարանից մի քանի թանկարժեք իրեր են անհետացել:
Ռուսական շոու բիզնեսի շատ աստղեր այդ մասին գրել են սոցիալական կայքերի իրենց էջերում։
«Ինչու է աշխարհն այսքան դաժան: Մեզ հետ չկա այլևս մարդը, որն այնքան շատ էր սիրում կյանքը և մարդկանց, @earlkoin, դու միշտ կլինես մեր սրտերում»,- իր միկրոբլոգում գրել է Նիկոլայ Բասկովը:
Հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան գրել է Յանա Ռուդկովսկային. «Ես շոկի մեջ եմ: Հենց նոր էի կարդում նրա հաղորդագրությունը և ահա նա արդեն չկա((: Կոլյան գրել է, որ նրան սպանել են: Ինչպե՞ս։ Գլխումս չի տեղավորվում»:











































