Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրել է այցելել Չինաստան: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
«Սա լուրջ հրավեր էր, սակայն առայժմ այդ հրավերն ընդհանուր բնույթ է կրում, կոնկրետ քայլերի մասին դեռ խոսք չի կարող լինել»,- ասել է Քարնին, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Նա նշել է, որ Սի Ցզինպինը Օբամային նման առաջարկ է արել Սպիտակ տանն առավոտյան տեղի ունեցած հանդիպմանը:
«Դա լավ, երկար հանդիպում էր, նրանք քննարկել են մի շարք՝ երկկողմանի կարևորություն ուներող հարցեր: Մենք ազնվորեն արտահայտել ենք մեր անհանգստությունները թե՛ առևտրի, թե՛ արժույթի հարցերում, խոսել անվտանգության հետ կապված հարցերի մասին: Այդ թվում՝ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը»,- հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք. սա անցյալ տարի ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Չինաստան կատարած այցի պատասխան այցն էր:









































