ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հավաստիացնում է, որ հայաստանյան իշխանություններին պաշտոնապես չի ծանուցվել՝ ինչո՞ւ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր բյուջետային ուղերձում կոչ արել 19 տոկոսով նվազեցնել Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնությունը: Այս մասին պատգամավորն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Պատճառը, գուցե, ԱՄՆ-ում տիրող տնտեսական ճգնաժամն է»,- նշեց Սահակյանը:
Դիտարկմանը, որ Օբաման փոխարենն առաջարկել է Թուրքիային ցուցաբերվող օգնության ծավալն ավելացնել 3.6 միլիոն դոլարով՝ այդ երկրում միջազգային ռազմական կրթության ծրագրեր իրագործելու համար, հետևաբար՝ Հայաստանին ֆինանսական ավելի քիչ միջոցներ տրամադրելու պատճառը դժվար թե տնտեսական ճգնաժամը լինի, խորհրդարանականը նշեց, որ Հայաստանը կատարել է միջազգային բոլոր պարտավորությունները: «Մեր երկիրը ժողովրդավարության կամ որևէ այլ ոլորտներում հետընթաց չի գրանցել: Մենք առաջընթաց ենք ապրել, և ԱՄՆ-ի որոշելիք հարցն ու արտաքին ռազմավարությունն է՝ իր բյուջեից որ երկրին որքան գումար է ցանկանում տրամադրել»:
Նշենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր բյուջետային ուղերձում կոչ է արել 19 տոկոսով նվազեցնել Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնությունը:
Սկզբում Օբաման առաջարկել է Հայաստանին ցուցաբերվող օգնությունը կրճատել 32 տոկոսով: Նա առաջարկել է այս տարի Հայաստանին ցուցաբերվելիք 40 միլիոն դոլարի օգնությունը հաջորդ ֆինանսական տարում կրճատել 12,781,000 դոլարով և հասցնել մինչև 27,219,000 դոլարի:
Այս ամենի հետ մեկտեղ Օբաման առաջարկել է Թուրքիային ցուցաբերվող օգնության ծավալն ավելացնել 3.6 միլիոն դոլարով՝ Թուրքիայում միջազգային ռազմական կրթության ծրագրեր իրագործելու համար:
Վրաստանին ցուցաբերվելիք տնտեսական օգնության ծավալը նշված է 42,660,000 դոլար, իսկ Ադրբեջանինը՝ 11,029,000 դոլար: