Հովնանյան կրթաթոշակը լավ հնարավորություններ է ստեղծում ծագումով հայ տաղանդավոր ուսանողների համար ուսում առնել Վիլլանովայի համալսարանում:
Ինչպես հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը, կրթաթոշակը ծածկում է ստացողի ուսման, տան և սննդի վարձերը և ամեն տարի ենթակա է վերականգնման:
«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տվյալով` հիմնադրամի վերջին նվիրաբերումը «Հովնանյան կրթաթոշակ» ավանդաշնորհային ֆոնդին կազմում է 500 հազար դոլար և ընդհանուր գումարն այժմ կազմում է 1 մլն 700 հազար ամերիկյան դոլար:
1990թ. հիմնադրումից սկսած առ այսօր «Հովնանյան կրթաթոշակ» ֆոնդի լրիվ կամ մասնակի կրթաթոշակի շահառուներ են դարձել Վիլլանովայի համալսարանի 79 ուսանողներ:
«Ես ուզում եմ, որ հնարավորինս մեծ թվով երիտասարդ չափահաս հայեր թե’ Միացյալ Նահանգներում, թե’ ամբողջ աշխարհում, հնարավորություն ունենան ստանալու այն գերազանց կրթությունը, որ այսօր առաջարկում է Վիլլանովայի համալսարանը»,- ասել է Վիլլանովայի 1956թ. շրջանավարտ պրն Հովնանյանը:
«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը ստեղծվել է 1986թ., կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Ջերսի Թինտոն Ֆոլզ քաղաքում: