Մարտի 1-ից հետո պարզ դարձավ, որ մեր հանրային կյանքում Հայ Առաքելական եկեղեցին բացարձակապես պարապ մի կառույց է, որը ոչ մի կապ չունի հասարակության առօրյա կյանքի և տվյալ ժամանակի հետ: Եվ ահա դա էր առիթը, որ պետք է մարտի 1-ից հետո քննարկվող լրջագույն խնդիրներից մեկը դառնար Հայ Առաքելական եկեղեցու և մասնավորապես դրա ղեկավարության, ազգի հոգևոր առաջնորդության դերը, որը ըստ էության խիստ խաթարվել է վերջին տարիներին, երբ բարձրաստիճան հոգևորականները չեն խորշում մասնակցել կուսակցությունների քաղաքական գովազդին, համագումարներին և ունենալ քաղաքական բովանդակությամբ ելույթներ:
Հաշվի առնելով առկա իրողությունները` ակնհայտ է, որ եկեղեցուց այլ բան, հատկապես մարտի 1-ից հետո, սպասել պետք չէր, քանի որ եթե հասարակությունն իր մեջ չի քննարկում եկեղեցու դերի և նշանակության հարցը, ապա եկեղեցին, բնականաբար, ինքնակամ երբեք չի նախաձեռնի և առավել ևս ինքն իր մեջ երբեք չի քննարկի վերափոխման հարց, քանի որ այս վիճակում էլ եկեղեցին կարծես թե իրեն վատ չի զգում: Հետևանքն այն է, որ եկեղեցին դառնում է իշխանությանը սպասարկող մի օղակ, իսկ իշխանությունն էլ փորձում է իր լեգիտիմության պակասը լրացնելու մի միջոց էլ դարձնել իր նախաձեռնությունների վրա եկեղեցու օրհնանքի կնիքը դնելը` օգտագործելով հոգևոր իշխանության հարմարվողականությունն ու անտարբերությունը հանրային-պետական կյանքի հանդեպ:
Ստացվում է, որ Հայաստանում հոգևոր իշխանությունը փորձում է քողի դեր կատարել աշխարհիկ իշխանության ոչ լեգիտիմության համար, ինչի հետևանքը դառնում է այն, որ առաջանում է թե աշխարհիկ, թե հոգևոր լեգիտիմության դեֆիցիտ, որն էլ բերում է նաև հոգևոր անվտանգության սպառնալիքի: Դրա ականատեսը դառնում ենք օրեցօր առաջընթաց ապրող աղանդավորական կազմակերպությունների տեսքով: Ավելին` եթե Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու դիրքերը լրջորեն սասանվում են կամ սասանվել են արդեն, ապա այժմ էլ կարծես թե մեծանում է վտանգը, որ այդ բանը կարող է տեղի ունենալ Սփյուռքում, ուր նույնպես լուրջ հիասթափություն է հասունանում եկեղեցուց` իշխանությանը սպասարկող օղակի վերածված լինելու պատճառով: Արդեն իսկ կան շրջանակներ, որ նույնիսկ մտածում են իրենց Կաթողիկոսը համարել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին, ով համարձակություն և քաջություն ունեցավ իր խոսքը ասել հայ-թուրքական հարաբերության կապակցությամբ և հոգևոր ազդեցությունը չծառայեցնել աշխարհիկ իշխանության պլաններին, ինչպես նաև խոսել Հայաստանում տիրող կաշառակերության և արտագաղթի մասին:
Խնդիրն այն չէ, որ եկեղեցին պետք է լինի ընդդիմադիր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է անպայման հայտնի տեսակետներ, որոնք դեմ են իշխանության մոտեցումներին: Խնդիրը նաև այն չէ, որ եկեղեցին պետք է փորձի հոգևոր իշխանությունը ծառայեցնել աշխարհիկ իշխանության որոշումների կայացման վրա ուղղակի ազդեցություն ունենալուն: Խնդիրը դիրքորոշումն է ու դրա արտահայտման մեխանիզմները, խնդիրն այն է, որ եկեղեցին իրեն չի զգում որպես հոգևոր իշխանություն, այլ ընդամենը վերածվել է յուրօրինակ հոգևոր խորհրդարանի, որտեղ իշխանության ցանկացած առանցքային որոշում ընդունվում է անվերապահորեն, ինչպես կառավարության որոշումները խորհրդարանում: Ավելին` խորհրդարանում նույնիսկ երբեմն լինում են դիմադրության օրինակներ, իսկ եկեղեցում այդպիսի օրինակներ կարծես թե չկան բացարձակապես:
Մինչդեռ, այդպիսով հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունն ու համայն հայությունը զրկվում են պետության և ազգի ընթացքը հավասարակշռելու, այդ ընթացքում որոշումների կայացման արդյունավետությունը բարձրացնելու լրջագույն ենթակառուցվածքից, որպիսին կարող է լինել Հայ Առաքելական եկեղեցին: Այն չպետք է լինի ընդդիմության կամ իշխանության կողքին, այն չպետք է լինի նույնիսկ հասարակության կողքին, այլ պետք է լինի բոլորից վեր և ամեն ինչին նայի վերևից` ասելով իր ծանրակշիռ խոսքը: Ընդ որում` ասելով ոչ թե այն բանից հետո, երբ չասելն այլևս ամոթ է կամ երբ իշխանությունն արդեն չի կարող առանց դրա, այլ ասելով այն ժամանակ, երբ հասարակությունն ունի իրապես անշահախնդիր խոսքի կարիք: Դա է խնդիրը, որ դրսևորվեց հերթական անգամ և անկասկած դրսևորվելու է նաև ապագայում, եթե հանրությունն ու հայությունն ընդհանրապես հետևություն չանեն հոգևոր դասի գործունեության և մտածողության մասին նաև այս կարևոր և շրջադարձային պահին:









































