Արթուր Շոպենհաուերը չէր հավատում պատմությանը: Այդ պատճառով նա մահացավ վստահ, որ իր հայտնագործությունը` աշխարհի հայեցակարգը, մի կողմից` որպես կամք (որպես ցանկություն, որպես կենաց պոռթկում), մյուս կողմից` որպես պատկերացում ընկալվող (ինքնին չեզոք, մաքուր, բացարձակապես օբյեկտիվ և այդ պատճառով գեղագիտական վերարտադրության տրվող), դարեդար կապրի:
Այսօր, մենք կարող ենք ասել, որ նա, պարզվում է, այնքան էլ ճիշտ չէ: Նրա հայտնագործած օրինաչափությունները կարելի է ճանաչել հենքում մեր կյանքերի, բայց դրանք այնպիսի փոխակերպումներ են ապրել, որ դրանց էությունը կարելի է հարցականի տակ դնել:
«Կամք» բառը նշանակում է երկարատև լարում, երկարաժամկետ ճիգ` գիտակցաբար կամ անգիտակցաբար որոշակի նպատակի հասնելու միտված: Իհարկե, թռչունները դեռևս բույն են հյուսում, եղնիկները դեռևս մարտնչում են իրենց էգերի համար: Շոպենհաուերը կարող էր ասել, որ դա միևնույն եղջերուն է մարտնչում, որ միևնույն թրթուրն է թաղվում հողի մեջ այն ծանր օրից ի վեր, երբ նրանք առաջին անգամ հայտնվեցին երկրի երեսին: Սակայն մարդկանց մոտ միանգամայն այլ է: Սուպերմարկետի տրամաբանությունը նախատեսում է ցանկությունների փոշիացում: Սուպերմարկետի մարդն օրգանապես չի կարող լինել միասնական կամքի, միասնական ցանկության մարդ: Այստեղից էլ արդի մարդու լարվածության որոշ նվազումն է: Չէ թե մարդիկ սկսել են ավելի քիչ ցանկանալ, ընդհակառակը` ցանկանում են ավելի ու ավելի շատ, բայց նրանց ցանկությունների մեջ ինչ-որ ճչան ու ղժղժան բան է հայտնվել: Չլինելով մաքուր ձևականություն` այդ ցանկությունները դրսից են պարտադրված, թերևս կարելի է ասել, որ դրանք պարտադրված են, բառիս լայն իմաստով, գովազդով: Դրանցում ոչինչ չի հիշեցնում համառորեն իրականացման տենչացող այն տարերային անկասելի ուժի մասին, որը ենթադրվում է «կամք» բառում: Այստեղից էլ յուրաքանչյուրի մեջ նկատելի անհատականության պակասը:
Ինչ վերաբերում է պատկերացմանը, ապա այն անուղղելիորեն թունավորված է իմաստով, կորցրել է մաքրությունը: Մաքուր կարելի է համարել լոկ այն պատկերացումը, որն առաջարկում է իրեն որպես այդպիսին, որը հավակնում է լինել միայն արտաքին աշխարհի արտացոլքը (իրական կամ երևակայական), այլ խոսքով ասած` իր մեջ չի ներառում քննադատական ծանոթագրությունը: Պատկերացման մեջ հիշեցումների, ծաղրի, մեկնաբանությունների, հումորի ակտիվ կիրարկումը շատ շուտով հանգեցրեց փիլիսոփայության և արվեստի ամլացմանը` վերածելով դրանք ընդհանրացված հռետորության: Ցանկացած արվեստ, ինչպես և ցանկացած գիտություն միմյանց հետ շփվելու միջոց է: Հավանաբար այդ պատճառով է, որ շփման արդյունավետությունը և ուժգնությունը նվազում են և կարող են իսպառ անհետանալ, եթե ասվածի ճշմարտացիության մեջ կասկած է ծնում (արդյո՞ք կարելի է, օրինակ, պատկերացնել մի գիտություն, որը հիմնված է անձնական մեկնաբանությունների վրա): Ստեղծագործական սնանկացումը, որը հարկ է արձանագրել արվեստի տարբեր բնագավառներում, այլ բան չէ, քան արդի հասարակությանն այնչափ բնորոշ զրույցի բռնվելու անընդունակությունը: Չէ՞ որ ժամանակակից զրույցն ընթանում է այնպես` ասես ինչ-որ զգացմունքի, հույզի կամ մտքի ուղղակի արտահայտությունը դարձել է անթույլատրելի, ինչպես ինչ-որ գռեհիկ մի բան: Ամեն բան պիտի անցկացվի հումորի ձևախեղող զտիչով` հումորի, որն, անշուշտ, ի վերջո ինքնուժասպառվում է` վերածվելով ողբերգական համրության: Այդպիսին է և տխրահռչակ «անհաղորդակցության» պատմությունը (հարկ է նշել, որ այդ թեմայի լայն շահագործումն ամենևին չօգնեց անհաղորդակցության դեմ պայքարում, և որն այժմ տարածված է, ինչպես երբեք, թեպետ մարդկանց բավականաչափ ձանձրացրել է այդ մասին խորհրդածելը), և 20-րդ դարի գեղանկարչության ողբերգական պատմությունը: Գեղանկարչության էվոլյուցիան մեր ժամանակներում դարձել է հաղորդակցության էվոլյուցիայի արտացոլանքը, թեև այստեղ կարելի է խոսել ոչ թե ուղղակի նմանության, այլ մթնոլորտի ինչ-որ համընկման մասին: Երկու դեպքում էլ մենք հայտնվում ենք հիվանդագին, մինչև ուղնուծուծը կեղծպատիր մթնոլորտում, ուր ամեն բան ծիծաղաշարժ է, և ուր հենց ծիծաղաշարժությունն արդյունքում վերածվում է ողբերգության: Այդ պատճառով, պատկերասրահում հայտնված միջին վիճակագրական անցորդը չպետք է այնտեղ շատ երկար մնա, եթե ուզում է պահպանել իր հեգնական մեկուսացումը: Արդեն մի քանի րոպե անց նրան կհամակի թեթև խուճապը, կամ, համենայն դեպս, ինչ-որ դժվարություն կզգա, ինչ-որ անհարմարավետություն, հումորի զգացողության երկյուղացնող նվազում:
(Ողբերգականությունը ծագում է հենց այն պահին, երբ ծիծաղաշարժը դադարում է գիտակցվել որպես fun (զվարճանք): Դա յուրատեսակ հոգեբանական տեղաշարժ է, որը նշանակում է մարդու մեջ առ հավերժություն ձգտման անհաղթահարելի տենչ: Գովազդին հաջողվում է խուսափել այդ` իր համար անցանկալի տպավորությունից միմիայն իր դիմակների անդադար նորոգմամբ, բայց գեղանկարչությունը, ինչպես նախկինում, ձգտում է իրագործել իր խնդիրը` ստեղծել անհատական հատկանիշներով օժտված երկարակյաց օբյեկտներ: Հենց այդ առ գոյությունը կարոտաբաղձությունն էլ նրան տրտմության լուսապսակ է պարգևում և արդյունքում վերածում է այն հոգեվիճակի ճիշտ արտացոլանքի, որում գտնվում է արևմտյան մարդը):
Իսկ ահա գրականությունը նույն շրջանում կենում է հարաբերականորեն առողջ վիճակում: Դա հեշտ է բացատրության տրվում: Գրականությունն իր էությամբ կոնցեպտուալ արվեստ է, խիստ ասած` արվեստի միակ տեսակն է, որն իրոք կարելի է կոչել կոնցեպտուալ: Բառերը կոնցեպտներ են, շտամպները` նույնպես: Չի կարելի ոչ հաստատել, ոչ ժխտել, ոչ կասկածի կամ ծանակման ենթարկել որևէ բան առանց կոնցեպտների և բառերի օգնության: Հենց այստեղից է գրական պրոցեսի զարմանալի կենսունակությունը, որը կարող է ինքնաժխտվել, ինքն իրեն անհեռանկար հայտարարել, դրա հետ մեկտեղ չդադարելով ինքնեկ մնալ, որը կտանի ցանկացած սուզում անհունի մեջ, յուրաքանչյուր մասնատում, մեկնաբանությունների ուզածդ շերտավորում, որքան կուզի նրբին, և որը ընկնելով թափ է տալիս իրեն ու նորից թաթերի վրա կանգնում, ճիշտ լճակից դուրս եկող շան պես:
Ի հակադրություն երաժշտության, ի հակադրություն գեղանկարչության և կինոյի` գրականությունն ընդունակ է կլլելու և մարսելու անսահմանափակ քանակությամբ հումոր և ծաղր: Վտանգները որոնք դարանել են գրականությունն այսօր, ոչ մի ընդհանուր բան չունեն այն վտանգների հետ, որոնք դարանել են այլ արվեստները, իսկ երբեմն անդառնալի վնաս են հասցրել: Այդ վտանգներն ավելի շուտ կապված են ընկալումների և զգայությունների արագացման հետ, որոնք բնորոշ են հիպերմարկետին: Իրոք որ, չէ՞ որ գիրքը կարելի է գնահատել միայն հետզհետե, այն կշռադատություն է պահանջում (ոչ այնքան ինտելեկտուալ ճիգի, որքան անդրադառնալու իմաստով), չի լինում ընթերցանություն առանց դադարի, առանց դեպի ետշարժման, առանց վերընթերցելու: Դա անհնարին, նույնիսկ անհեթեթ բան է մի աշխարհում, ուր ամեն ինչ փոփոխական է, հոսուն, ոչինչ չունի անանց արժեք` ոչ կանոնները, ոչ իրերը, ոչ կենդանի էակները: Ողջ ուժով (իսկ նրա ուժերը մի ժամանակ հուժկու էին) գրականությունը դիմադրում է չընդհատվող ակտուալության հասկացությանը, ներկա ժամանակի բացարձակացմանը: Գրքերը սպասում են ընթերցողներին, սակայն այդ ընթերցողները պետք է ունենան իրենց սեփական, կայուն գոյությունը: Նրանք չեն կարող պարզապես սպառողներ լինել, անդեմ ստվերներ, նրանք ինչ-որ իմաստով պետք է սուբյեկտներ լինեն:
Քաղաքական բարեկրթության մարմաջով տանջահար, կեղծ լրատվության հոսքով շփոթահար, որը նրանց մեջ կենսական տեսակների մշտական փոփոխության պատրանք է ծնում (մենք, իբր, արդեն չենք կարող մտածել այնպես, ինչպես մտածում էին 10, 100, 1000 տարի առաջ), արդի արևմտյան մարդկանց այլևս չի հաջողվում ընթերցող լինել, նրանք այլևս ունակ չեն բավարարելու իրենց դիմաց դրված գրքի հեզաբարո խնդրանքը` լինել պարզապես մարդկային էակներ, ինքնուրույն մտածող և զգացող:
Առավել ևս` նրանք չեն կարող խաղալ այդ դերը այլ էակի առաջ: Սակայն հարկ էր, քանզի անհատի այդ քայքայումն ըստ էության ողբերգություն է: Յուրաքանչյուրը, տառապալից կարոտ ապրելով, մյուսից պահանջում է այն, ինչը տալն արդեն իր ուժերից վեր է: Ասես անմարմին, անաչք ուրվական` նա փնտրում է կենաց լիությունը, որից զրկվել է: Հաստատունություն, եկարակեցություն և խորություն է փնտրում: Փնտրում է, բայց, անշուշտ, չի գտնում, և մենության տառապանքները, որոնք նա ապրում է, անասելի են:
Արևմուտքում Աստծո մահը դարձել է վիթխարի բնազանցական սերիալի նախերգանքը, որը շարունակվում է մեր օրերում: Մտայնությունների ցանկացած պատմաբան կարող է մանրակրկիտ վերարտադրել այդ գործընթացի զանազան փուլերը: Կարճ ասած` քրիստոնեությունը կարողանում էր վարպետորեն մարդու հոգում համակցել մոլեգին հավատը. Պողոս առաքյալի թղթերի համեմատ անտիկ շրջանի ողջ մշակույթն այսօր մեզ թվում է տարօրինակորեն հույլ և խունացած` բացարձակ գոյությանն հավերժական համամասնակցության հույսով: Այն բանից հետո, երբ այդ երազանքը մարեց, մարդուն ինչ-որ գոյության մինիմումի հույս տալու բազում փորձեր են արվել, որպեսզի հաշտեցնեն նրա հոգու մեջ ապրող գոյության երազանքը գալիքի ճնշող ակնհայտության հետ, սակայն մինչև այժմ այդ փորձերն անհաջող են ստացվել, և չարիքը շարունակում է տարածվել:
Ժամանակային առումով այդպիսի փորձերից վերջինը գովազդն է: Թեպետ և այն իր առջև գրգռելու, ցանկություն հրահրելու, ինքը ցանկություն դառնալու նպատակ է դնում, նրա բոլոր մեթոդներն, ըստ էության, բավական մոտ են այն բաներին, որոնք բնորոշ են անցյալի բարոյականությանը: Քանզի այն մշակում է ինչ-որ սարսափազդու և խիստ Գեր Ես, որը երբևէ գոյություն ունեցող ցանկացած հրամայականից անողոք է, որը կպչում է մարդուն ու անդադար պնդում նրան` «Դու պետք է ցանկանաս: Դու պետք է ցանկալի լինես: Դու պետք է մասնակցես համընդհանուր, հաջողության համար պայքարին, շրջապատող աշխարհի եռուն կյանքին: Եթե դու կանգ առնես` կդադարես գոյություն ունենալ: Եթե ընկրկես` կործանված ես»: Իսպառ հերքելով հավերժություն հասկացությունը, սահմանելով իրեն որպես անդադար նորոգման գործընթաց` այն ձգտում է սուբյեկտի ճնշմանը, նրան գալիքի հլու խամաճիկի վերածելու: և շրջապատող կյանքում այդ ձևական, մակերեսային մասնակցությունը կոչված է մարդու մեջ փոխարինելու գոյության ծարավը:
Գովազդն իր առջև դրված խնդիրը չի լուծում, մարդիկ ավելի հաճախ են ընկնում ընկճված վիճակի մեջ, ավելի ուժգին է զգացվում համընդհանուր շվարածությունը, սակայն գովազդը շարունակում է զարգացնել իր ծանուցումների ընդունման համար նախատեսված հիմնակառույցները: Այն շարունակում է կատարելագործել փոխադրամիջոցներն այն էակների համար, ովքեր գնալու տեղ չունեն, որովհետև նրանք ոչ մի տեղ իրենց տանը չեն զգում, նոր կապի միջոցներ ստեղծել այն մարդկանց համար, որոնք այլևս միմյանց ասելու բան չունեն, թեթևացնել շփումներն այն անձանց միջև, որոնք որևէ մեկի հետ չեն ուզում շփվել:
Միշել Ուելբեք
Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը










































