Բելգիայում առատ ձյան հետևանքով խաթարվել է ճանապարհային երթևեկությունը: Արդյունքում սահմանվել է խցանումների երկարության ռեկորդ, որը կազմել է 1700 կմ:
Ինչպես հաղորդում է Вести-ն, նախորդ ռեկորդը սահմանվել էր 2010թ. փետրվարին, երբ խցանումների երկարությունը հասնում էր 948 կմ-ի:
Երթևեկության խափանումներից և առատ ձյան ծածկույթից առավելապես տուժել են երկրի կենտրոնական շրջանները: Բրյուսելում և նրա շրջակայքում առաջացել են 714 կմ երկարութամբ խցանումներ: Երեկ դադարել է գործել Բելգիայի մայրուղիների 75%-ը:
Այս օրերին ուժեղ ձնաբուք ու սառնամանիքներ են ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում: Այսպես, ԱՄՆ Դենվերի միջազգային օդանավակայանում ուժեղ ձնաբքի պատճառով հետաձգվել է ավելի քան 200 չվերթ: Կոլորադո նահանգի մի շարք բնակավայրերում փակվել են դպրոցները:
Լեհաստանում նույնպես մոլեգնում են սառնամանիքներ և ձնաբուք: Այստեղ երեկ ցրտահարությունից մահացել է 8 մարդ: Երկրի հարավային շրջաններում ջերմաստիճանը հասել է -37 աստիճանի: Տներում կանոնավոր չեն գործում ջեռուցման և ջրամատակարարման համակարգերը: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ սառնամանիքները կշարունակվեն մինչև փետրվարի կեսերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սառնամանիքների հետևանքով Եվրոպայում մահացել է ավելի քան 160 մարդ, նրանց մեծ մասն անօթևաններ են:









































