Փետրվարի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Իրանի ժամանակակից կիրառական արվեստի ցուցադրություն, որը կրում է «Հանուն Աստծո» խորագիրը: Ցուցահանդեսը նվիրված է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձին:
Ցուցադրվում են ժամանակակից կիրառական արվեստի նմուշներ`կատարված ավանդական իրանական տեխնոլոգիաներով և ավանդույթներով: Այցելուները կարող են դիտել զանազան մետաղյա ծաղկամաններ, սկուտեղներ, փայտե ժամացույցներ, ջնակարված ափսեներ, արդի արվեստի նմուշներ, հնագույն հյուսվածք, ինչպես նաև գրակալներ և Ղուրաններ`նկարազարդված հնագույն ոճով:
Բացի կիրառական արվեստի նմուշներից` ներկայացված են նաև իրանցի գեղանկարիչ Ալի Մոհամմադ Շեյխի ստեղծագործությունները:
Ալի Մոհամմադ Շեյխը ծնվել է 1954 թվականին, Թեհրանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ է: 1988-1992 թվականներին եղել է Այաթոլլա Թալեղանի մշակույթի պալատի տնօրենը, իսկ ներկայում համալսարանում գրաՖիկա և դիզայն է դասավանդում: ԻԻՀ արվեստի և գեղանկարչության բնագավառում կազմակերպվող մրցույթ-փառատոների ժյուրիի մշտական անդամ է և արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի:
Նրա ստեղծագործություններում գերակայում են իրանական մանրանկարչության ավանդույթները, արևելյան միստիցիզմն ու հոգևոր թեմաները:
Ցուցադրությունը կազմակերպել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը:
Ցուցադրությունը բաց է մինչև փետրվարի 8-ը, մուտքը` 800 դրամ:







































