Հայկ Գևորգյանի կալանավորումը մտածելու տեղ է տալիս: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը`անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորմանը:
Նա նշեց, որ դեռևս չի կարողանում կողմնորոշվել, թե ով է իրավացի`ոստիկանությո՞ւնը, դատախազությո՞ւնը, թե՞ Նիկոլ Փաշինյանը: «Այս պահին շփոթ կա, հակասությունները շատ են: Ցանկանում եմ ափսոսանք հայտնել և զարմանք: Ափսոսանք, որ մեր ամենավաղ լրագրողներից մեկի հանդեպ նման բան է եղել, արթուն միտք ունեցող լրագրողներից է»,- ասաց Հ. Ավետիքյանը: Նա նաև ասաց, որ կրկնակի զարմանում է, թե ինչպես են այդքան արագ նրան ձերբակալել:
«Ինչ վերաբերում է հետախուզմանը, մեր թղթակցի վկայությամբ նա երեկ կառավարության նիստից հետո հարցազրույց է վերցրել կառավարության անդամներից և ոստիկանապետից: Հետախուզվող մարդը չէր կարող այդպես ազատ աշխատել: Սա մտածելու տեղ է տալիս, որ ինչ–որ մի բան ճիշտ չէ»,- եզրափակեց Հակոբ Ավետիքյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը: Նա այժմ պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:








































