Լիբիայում վաճառքի է հանվել Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մատանին և այն վերնաշապիկը, որը նա կրել է մահվան ժամանակ: Այս մասին հաղորդում է ABC-ն՝ վկայակոչելով արաբական ԶԼՄ-ները:
Ըստ այդ տեղեկությունների՝ ոմն Ահմեդ Վարֆալի հայտարարել է, որ վաճառում է Քադաֆիի արծաթե մատանին և արնաշաղախ վերնաշապիկը 2 մլն դոլարով: Մատանու նկարն այսօր հայտնվել է ArabsToday.net պորտալում: Մատանու վրա փորագրված է Քադաֆիի և նրա վերջին կնոջ՝ Սոֆյայի ամուսնության օրը՝ 2010թ. սեպտեմբերի 10:
Լոնդոնում լույս տեսնող արաբական Alquds Alarabi թերթին տված հարցազրույցում Վարֆալին հայտարարել է, որ մեծ գումար կարող է ստանալ, եթե Քադաֆիի իրերը կարողանա վաճառել Եվրոպայում:
Քադաֆիի իրերը վաճառքի հանելու լուրերը բուռն քննարկումների տեղիք են տվել Լիբիայի բնակիչների շրջանում: Մի շարք լիբիացիներ կարծում են, որ մատանին, ինչպես նաև Քադաֆիի ամբողջ ունեցվածքը պատկանում են լիբիացի ժողովրդին, ուստի չի կարող վաճառքի հանվել առանց ժողովրդի համաձայնության:











































