«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին:
– Լեհաստանն ակտիվորեն ներգրավված է «Արևելյան գործընկերության» ծրագրի մեջ և դրա շրջանակներում հավասարապես համագործակցում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ: Ձեր կարծիքով` տարածաշրջանի և հակամարտության կողմերի, ինչպես նաև այս խնդրով շահագրգիռ կողմերի համար ԼՂ հարցի լուծման ո՞ր տարբերակն է ընդունելի:
– Վախենամ, օբյեկտիվ լուծում այս խնդրին չկա: Կարծում եմ` միակ ելքը Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության գաղափարն է: Եվ բացի այդ ամենը, հակամարտության կողմերը պետք է որոշում ընդունեն առանց արտաքին միջամտության: Օրինակ` այդ որոշումը կարող են ընդունել սահմանամերձ շրջանների ղեկավարությունները:
– Իսկ առաջիկա ժամանակահատվածում, Ձեր կարծիքով, Հարավային Կովկասում առկա հակամարտություններում էսկալացիա կարո՞ղ է լինել:
– Այո՛, էսկալացիան ԼՂՀ-ում շատ հնարավոր է: Բայց ես հույս ունեմ, որ այն դուրս չի գա հրադադարի գոտում բախումների սահմաններից: Շատ կարևոր է նաև հետևել Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններին: Ցավոք սրտի, Սիրիայի և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի իրականացրած ներկայիս օպերացիան կարող է անդրադառնալ նաև Կովկասի երկրների վրա: Վաշինգտոնում արդեն իսկ սկսել են իրականացնել Մեծ Մերձավոր Արևելք ծրագիրը, որի շրջանակներում, նրանց գնահատմամբ, մտնում է նաև Հարավային Կովկասը:
– Պարոն Պիսկորսկի, շատ են գնահատականներն այն մասին, որ Հարավային Կովկասում առկա կոնֆլիկտներն են պատճառը, որ այդ տարածաշրջանն ամբողջությամբ չի ընդգրկվում լայնամասշտաբ ծրագրերի մեջ: Ձեր կարծիքով` ԼՂ խնդիրը խոչընդոտո՞ւմ է տարածաշրջանի զարգացմանը և վերջինիս ինտեգրմանը քաղաքական ու տնտեսական գլոբալ ծրագրերին:
– Ինչ-որ չափով, իհարկե, այդ խոչընդոտը կա: Դա ճիշտ է ենթակառուցվածքների, տրանսպորտի, արտադրության զարգացման տեսանկյունից, բայց մյուս կողմից էլ պետք է նշեմ, որ Հարավային Կովկասի երկրների տնտեսությունն արդեն հարմարվել և առաջ է գնում հենց ստեղծված իրավիճակին համապատասխան:
– Կազանյան հանդիպման ձախողումից հետո շատ էին խոսակցությունները, որ Մոսկվայի` առաջնային միջնորդի դերակատարությունն արդեն ավարտված է, և այն ամենայն հավանականությամբ իր ձեռքը կվերցնի Փարիզը, սակայն հունվարի 23-ին Սոչիում կայացավ Ալիև-Սերժ Սարգսյան հանդիպումն ու նորից` Մեդվեդևի նախաձեռնությամբ: Ձեր կարծիքով` այս կերպ Մեդվեդևը, որին արդեն մեկ ամիս է մնացել պաշտոնավարելու, ի՞նչ էր ցանկանում ապացուցել՝ որ Ռուսաստանն այս գործում այլընտրանք չունի՞:
– Ռուսաստանը միշտ էլ կարևոր դերակատարություն է ունեցել և ունի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերում: Կարծում եմ` Մեդվեդևն այդ կերպ ցանկացել է ևս մեկ անգամ շեշտել և ցույց տալ այդ հանգամանքը: Բայց ակնհայտ է մի բան, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Փարիզը արդեն 20 տարի ի վիճակի չեն ղարաբաղյան հակամարտության լուծումը գտնել:
– Վերջին օրերին ուշադրության կենտրոնում էր Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի ընդունումը մեծ կրքեր է առաջացրել Ադրբեջանում, և նրանք պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնել Ֆրանսիային: Ինչքանո՞վ է հավանական այդ պահանջի իրագործումը, և հնարավո՞ր է արդյոք, որ Լեհաստանում ևս նմանօրինակ օրինագիծ ընդունվի՝ առաջնորդվելով եվրոպական արժեքներով:
– Կարծում եմ, որ նմանատիպ պահանջները, ինչպիսիք ներկայացնում է Ադրբեջանը, տրամաբանական չեն: Երկրի դիրքորոշումը պատմական հարցերի վերաբերյալ որևէ կերպ չի ազդում որպես միջնորդ նրա դիվանագիտական առաքելության վրա, և այս հարցերն իրար միացնել պետք չէ: Ինչ վերաբերում է Լեհաստանի դիրքորոշմանը, ապա Լեհաստանում չափազանց քիչ տեղեկություն կա հայ-թուրքական հարաբերությունների պատմության մասին, այնպես որ, կարծում եմ, որ հայկական սփյուռքն այստեղ առավել ակտիվ գործունեություն պետք է ծավալի:
– Քիչ ժամանակ է մնացել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին, և Եվրամիության ներկայացուցիչներից շատերը իրենց հայտարարություններում շեշտել են, որ ակնկալում են Հայաստանից ազատ և արդար ընտրությունների անցկացում: Պարոն Պիսկորսկի, Ձեր գնահատմամբ, նման ակնկալիքներ ունենալով հանդերձ, արդյոք Եվրոպան ունի՞ համապատասխան ազդեցության լծակներ և ի՞նչ կլինի, եթե Եվրոպայի սպասելիքները չարդարանան:
– Պետք է առավել մանրամասնորեն հստակեցնել, թե ով է առաջադրում ընտրությունների անցկացման չափորոշիչները և ով պետք է հետևի դրանց կատարմանը: Կարծում եմ, Հայաստանն ինքը կարող է ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացում և կարող է նաև հրավիրել միջազգային դիտորդական կազմակերպությունների` հետևելու այդ գործընթացին: Այս հարցում, իմ կարծիքով, ԵՄ սպասելիքները պետք է առավել հստակ ու մանրամասն ներկայացված լինեն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանն ընտրական գործընթացներում այդքան շատ խնդիրներ չունի, որքան ունեն նրա հարևան շատ երկրներ:









































