Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը փետրվարի 7-9-ը պաշտոնական այցով ժամանելու է Բաքու։ Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները։
Ադրբեջանում Օզելը մի շարք հանդիպումներ է ունենալու պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և մի շարք պաշտոնատար անձանց հետ։ Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են ռազմական ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարցը։
Նշվում է, որ դա լինելու է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Նեջդեթ Օզելի առաջին ադրբեջանական այցը։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Օզելն այցելել էր Ադրբեջան, սակայն տվյալ ժամանակ նա ժանդարմերիայի հրամանատարն էր։ Ի դեպ, Օզելը Թուրքիայում հայտնի է «Քիմիական Նեջդեթ» մականվամբ, քանի որ քրդերի դեմ կիրառել է քիմիական զենք։









































