Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը վիճարկվում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում` մի քանի տասնյակ սենատորների և Ստորին պալատի անդամների դիմումի համաձայն:
Ինչպես հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, նրանցից առանձնանում է մեկը` Քրիստիան Փոնսլեն, ով 1998-2008թթ. եղել է Սենատի նախագահ։
Բանն այն է, որ Ք. Փոնսլեն պարգևատրված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգևներից մեկով` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Այդ պարգևը նրան 2003թ. հուլիսի 15-ին Փարիզում շնորհել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի համար։
Թվում էր, որ նման բարձր պարգևի արժանացած քաղաքական գործիչը կարող էր առնվազն չեզոք դիրք բռնել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հարցում և չդառնալ դրա վիճարկման առաջամարտիկներից մեկը:
Բայց Ք. Փոնսլեն առաջին անգամ չէ, որ երկիմաստ դիրքորոշում է ցուցաբերում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: 1999թ. հուլիսին այցելելով Երևան՝ նա ասել էր, որ «անցնող դարում շատ արհավիրքներ եղան` նաև Հայոց ցեղասպանությունը, սակայն սա նաև հայոց պետականության վերածննդի դար է»:
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ Սենատը չի քննարկում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, որն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից, Փոնսլեն ասել էր, որ այս խնդիրը «վաղ թե ուշ ստանալու է իր լուծումը»՝ նշելով, որ երբ «Սենատն ստացավ օրենքը, սկսվեցին Կոսովոյի դեպքերը և Ֆրանսիան աննպատակահարմար գտավ քննարկել այն, երբ Բալկաններում պատերազմ է մոլեգնում»:
Միաժամանակ նա հիշեցրել էր, որ դեռ 1982թ. Ֆրանսիայի կառավարությանն առաջարկել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
2000թ. փետրվարին Ք. Փոնսլեի ղեկավարած Սենատը կրկին հրաժարվեց քննարկել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող օրենքը, ինչը Հայաստանում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Նույն թվականի մայիսին Շառլ Ազնավուրը հայտարարեց, որ մերժել է նրա հրավերը` ելույթ ունենալ հուլիսի 14-ին հանդիսավոր ընդունելությանը:
«Եթե ես երգեի Սենատում հուլիսի 14-ին, դա կնշանակեր, որ հրաժարվում եմ իմ ծագումից: Սենատն այդ որոշումը կայացրել է Թուրքիայի սպառնալիքների պատճառով: Բայց մի՞թե Ֆրանսիան այն երկիրն է, որին կարելի է սպառնալ»,- ասել էր Ազնավուրը:
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:








































