Արդյոք պահանջված թվով թեկնածուներ չունենալը չի՞ ստիպում վերջին տարիներին ակտիվ գործունեություն չծավալած կուսակցություններին, որ փորձեն իշխանական կուսակցությունների հետ միավորվել, քանի որ ՀՀ ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ համամասնական ցուցակում 25 և ավել թեկնածուներ լինեն:
«Տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե մարդաքանակի, ցուցակներում մարդկանց ընդգրկելու մասին, այլ գաղափարախոսության: Այստեղ բարդություն չկա»,- այսպես պատասխանեց ազգային ժողովրդական դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը «Առաջին լրատվական»-ի անհրաժեշտ թվով թեկնածուներ ունենալ-չունենալու վերաբերյալ հարցին:
Ըստ ԱԺԴ նախագահի, իրենք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեն, որպեսզի կարողանան ընտրություններին միայնակ մասնակցել:
Իսկ ինչ վերաբերում է դաշինք կազմելուն, ըստ Սադոյանի, իրենց կուսակցությունը նախընտրական դաշինք կազմելու շուրջ վերջնական որոշում չի կայացրել և այդ թեմայի շուրջ ներկայումս բանակցում է քաղաքական մի շարք ուժերի հետ:
Հարցին՝ այդ ուժերի շարքում արդյո՞ք ՀՀԿ-ն ևս կա, նա պատասխանեց, որ` ոչ: Բայց չհստակեցրեց, որ եթե առաջարկեն, իրենք պատրա՞ստ են ՀՀԿ հետ դաշինք կազմել: «Քաղաքականությամբ երևի մի քիչ երկար եմ զբաղվել և «եթե»-ների մասին չեմ ուզում խոսել»,- ասաց նա:





































